Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կա երրորդ երկրների գործոնը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կա երրորդ երկրների գործոնը

Հուլիսի 1-ին Վիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 4-րդ հանդիպումը: Կողմերի առաջին հանդիպումն այս տարեսկզբին էր՝ հունվարի 14-ին, երկրորդը՝ մոտ մեկուկես ամիս անց՝ փետրվարի 24-ին։ Երրորդ հանդիպումը մայիսի 3-ին էր։

Օրերս տված մամուլի ասուլիսում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ «հնարավոր է քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ». «Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել՝ այդ հնարավորությունն օգտագործելու և օգտվելու համար»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով կարգավորման գործընթացին, նշեց, որ բանակցությունները փակ են, բայց, դատելով կողմերի հայտարարություններից, լավատեսության որոշակի թույլ հիմքեր, այնուամենայնիվ, կան. «Ես այնքան էլ մեծ հնարավորություններ չեմ տեսնում։ Թուրքիան սկզբնական շրջանում հայտարարում էր, որ պատրաստ է առանց նախապայմանների սկսել հարաբերությունների նորմալացման գործընթաց, բայց ընթացքում էլի իրեն բնորոշ ձևով նախապայմաններ առաջ քաշեց»։

Մասնավորապես, Վարդանյանի խոսքով, Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների բարելավմամբ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ Արցախի հարցն Ադրբեջանին թողնելով. «Այս ամենն է պատճառը, որ այդքան էլ լավատես չեմ, որ հայ-թուրքական հարաբերությունները, ի վերջո, կբարելավվեն»։

Ըստ քաղաքագետի՝ չափազանց բարդ խնդիր է դրված հայկական դիվանագիտության առջև՝ հաշվի առնելով Թուրքիայի կախվածությունն Ադրբեջանից. «Մեզ մոտ թյուրընկալում կա Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։ Շատերը կարծում են, որ Ադրբեջանը մեծ կախվածություն ունի Թուրքիայից, բայց ես հակառակն եմ կարծում։ Թուրքիան Ադրբեջանից ցածր գներով էներգակիրներ է ստանում, բացի այդ՝ մի շարք այլ գործոններ կան, որոնցով Ադրբեջանը վերջին 15-20 տարիներին կարողացել է ազդել Թուրքիայի քաղաքականության վրա՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասով»։

Վարդանյանը հիշեցրեց 2008-ի «ֆուտբոլային դիվանագիտությունը». «Այդ ժամանակ թվում էր, թե կողմերը ստորագրեցին փաստաթուղթ, շուտով կսկսվի հարաբերությունների բարելավման գործընթաց, բայց Ադրբեջանն աննախադեպ ճնշումների ենթարկեց Թուրքիային։ Շատ պարզ, առանց դիվանագիտական սեթևեթանքների հայտարարեց, որ եթե Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորի, կզրկվի էժան էներգակիրներից։ Արդյունքում Թուրքիան հետ կանգնեց գործընթացից։ Այնպես որ, կարծում եմ, միայն ՀՀ-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները չեն խոչընդոտում, որ հարաբերությունները կարգավորվեն։ Կա նաև երրորդ երկրների գործոնը. առաջին հերթին՝ Ադրբեջանի, ինչ-որ առումով՝ նաև ՌԴ-ի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական