Քաղաքական

Ի՞նչ ընթացակարգով են հեռացվում ԱԺ փոխնախագահն ու հանձնաժողովի նախագահը

Ի՞նչ ընթացակարգով են հեռացվում ԱԺ փոխնախագահն ու հանձնաժողովի նախագահը

Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը որոշել է «Հայաստան» խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացնել, համապատասխանաբար, ԱԺ փոխնախագահի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։

ՀՀ ԱԺ կանոնակարգը սահմանում է, թե ինչպես է տեղի ունենում ԱԺ փոխնախագահի և մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթացը։

ԱԺ նախագահին, նրա տեղակալներին հետ կանչելու կարգը սահմանում է Կանոնակարգ օրենքի 149 հոդվածը։

Ըստ այդմ, ԱԺ փոխնախագահին հետ կանչելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծը դրվում է քննարկման, իսկ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր ձայների մեծամասնությամբ:

Այսինքն՝ ԱԺ փոխնախագահին ետ կանչելու համար բավական է 54 քվե։

Իսկ Կանոնակարգ օրենքի 150 հոդվածը սահմանում է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ու նրա տեղակալի լիազորությունների դադարեցնելու կարգը։ Այս դեպքում ևս ԱԺ խմբակցությունն իրավունք ունի ներկայացնել մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ։ ԱԺ այդ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: 

Սա նշանակում է, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը պետք է մասնակցի առնվազն 54 պատգամավոր, որի կեսը պետք է կողմ քվեարկի։

Նշենք, որ միայն իշխող ՔՊ խմբակցությունն ունի 71 պատգամավոր, և, ըստ այդմ, ձայները բավարար են՝ ցանկալի որոշում կայացնելու համար։

Միաժամանակ, ԱԺ կանոնակարգ օրենքը չի արգելում նույն անձին կրկին առաջադրվել այդ պաշտոնին, մանավանդ, որ ընդդիմության զբաղեցրած վարչական պաշտոնների հարցը կարգավորվում է Դոնթի բանաձևով։ Այսինքն, միևնույն է, նույն խմբակցությունն է առաջադրելու այդ պաշտոնում իր թեկնածուին։

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 2020-ին Նաիրա Զոհրաբյանին զրկեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նախագիծը ներկայացրել էր իշխող խմբակցությունը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական