Քաղաքական

Դատաիրավական համակարգի անաչառությունն ու անկախությունը սկզբունքային է

Դատաիրավական համակարգի անաչառությունն ու անկախությունը սկզբունքային է

ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խոսելով գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի մասին, նշեց, որ նա ունի մասնագիտական բարձր որակներ, որոնք ծառայեցնելու է օրենքի գերակայությանը:

Նրա խոսքով. «Մենք այս առաջադրումը կատարել ենք հիմնավոր համոզմամբ և վստահությամբ տիկին Վարդապետյանի ինչպես մասնագիտական որակների ու պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ մարդկային արժեքների ու առաքինության հանդեպ: Այս քննարկումը ևս վերահաստատում է մեր այդ համոզմունքը:  

Ես միանշանակ ունեմ հավատամք, որ տիկին Վարդապետյանը, ընտրվելով ՀՀ գլխավոր դատախազ, իր լիազորությունների շրջանակում միանշանակ հավատարիմ է մնալու օրենքի սահմանած առաքելությանը»։

Կոնջորյանը նաև նշեց, որ խորհրդարանը պատրաստ է Վարդապետյանի հետ արդյունավետ աշխատանքի և համագործակցության, երբ վերջինն ընտրվի գլխավոր դատախազ:

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև դատաիրավական համակարգին՝ ընդգծելով. «Մեզ համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունը և անկախությունը, դա մեր հավատամքն է, և մենք գնալու ենք այդ ճանապարհով, ցանկացած շեղում դրանից մեզ համար անընդունելի է եղել, անընդունելի է եւ կլինի անընդունելի: Եվ մենք ՝ որպես քաղաքական մեծամասնություն և ժողովրդի ամուր մանդատի կրողներ՝ ամեն բան անելու ենք, որ այդ հավատամքն իրագործվի»:

Ըստ Կոնջորյանի՝ հաճախ իշխանության թևերի միջև զսպումներն ու հավասարակշռումն ընկալվում են որպես այդ թևերի միջև հակամարտություն. «Եվ, ցավոք, վերջին տարիներին, մասնավորապես, դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների ակնհայտ քաղաքականացվածությունը բերել է այդ հակամարտության հրապարակային ցավոտ  դրսևորումների: Եվ մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, պետք է հաղթահարենք այդ հակամարտությունը և ցույց տանք, որ իշխանության թևերի միջև հավասրակշռումն ու զսպումները հակամարտություն չեն: Իշխանության տարբեր թևերի աղբյուրը նույնն է՝ ժողովուրդը: Եվ այդ թևերը միասին հանուն ժողովրդի և պետության բարիքի պետք է միասին համագործակցեն հանուն ընդհանուր բարիքի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական