ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե նրա ընտրվելուց հետո առնվազն հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի հիմքերն արժանանալո՞ւ են ուսումնասիրման, անհրաժեշտության դեպքում՝ նաև վերանայման: Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք իրավական հետևանքներ լինելո՞ւ են այն դատախազի համար, ով հարուցել է տվյալ քրգործերը:
Ի պատասխան Վարդապետյանը նշեց. «Հանրային հնչեղություն ունեցող գործեր չկան, կան գործեր, որոնք ունեն հանրային հետաքրքրություն։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի պակաս մենք չունենք։ Գլխավոր դատախազը չունի վարույթներ, գլխավոր դատախազի գործառույթն առավելապես կազմակերպական է, բայց նաև, իմ մասնագիտական հետաքրքրությունները հաշվի առնելով, այո, նախաձեռնելու եմ իրավական քննարկումներ, պահանջելու և խնդրելու եմ»։
Անդրադառնալով հետևանքներին՝ նա վստահեցրեց, որ եթե փաստագրվելու են օրինականության խախտումները, դրանք անհետևանք չեն մնալու, որովհետև թիրախային հետևողական մոտեցումը օրինականության խախտման նկատմամբ ճիշտ ազդակ է համակարգին, թե ինչ է ակնկալվում համակարգից։