Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն ԱԺ-ում անդրադարձել է մինչդատական վարույթում առկա խնդիրներին։
Ըստ Վարդապետյանի. «Առաջին խնդիրը, որն իմ ուշադրությանն է զարնել, գործընթացների և ոչ արդյունքի վրա կենտրոնացվածությունն է: Մենք ունենք բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ՝ ֆորմալ առումով ճիշտ, բովանդակային առումով՝ ոչ լիարժեք:
Արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր մինչդատական վարույթում ու դատարաններում, արդյունքում ունենում ենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր: Դա հանգեցնում է նրան, որ մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում»։
Ըստ դատախազի թեկնածուի՝ դատարաններում միջին ծանրության գործերի քննությունը կարող է տևել մոտ 5 տարի. «Գրեթե նույն խնդիրն ունենք նաև մինչդատական վարույթում, հատկապես փորձաքննությունների մասով: Այս առումով ես կարծում եմ, որ մենք ունենք մեխանիզմ, որը թույլ կտա հաղթահարել գոնե մինչդատական վարույթում ձգձգումները: Դա արդյունավետ դատախազական հսկողությունն է»։
Վարդապետյանը խոսել է օրենքի գերակայության մասին՝ անթույլատրելի համարելով հովանավորչությունը. «Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով: Եթե նկատում եք, գնալով այդ պրակտիկան ավելի փոքրանում է: Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ:
Եթե հովանավորչության նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին ուղղակի քայքայելու է ժողովրդավարության հիմքերը: Խոսել ժողովրդավարության մասին առանց օրենքի գերակայության, խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են»։