Քաղաքական

ԱԺ-ն մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը

ԱԺ-ն մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, թե Ազգային ժողովը մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը:

Նրա խոսքով. «Նախ կքննարկենք խմբակցությունով, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Կա երկու կարծիք։ Կա կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն իրեն արդեն մանդատներից զրկել է, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան  բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո  ո՞նց են վերադառնալու էս դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։ Եվ կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին»։

Ըստ ԱԺ նախագահի՝ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են. «Այնտեղ կան մարդիկ, որոնց նկատմամբ կարող է քաղաքական որոշում կայացվի եւ իրենց մասով չդիմվի ՍԴ: Մնացածի առումով, կարծում եմ՝ մարդիկ պետք է սովորեն պատասխանատվություն կրել, պատասխանատվության ենթարկվել»։ 

ԱԺ նախագահը չբացառեց, որ ընդդիմադիրներին կզրկեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահի պաշտոններից. «Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում և բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել: Առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ, նույն Դաշնակցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», որ գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք։ Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական