Քաղաքական

Ինչո՞ւ ՀՀ նախկին նախագահները չեն մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստին

Ինչո՞ւ ՀՀ նախկին նախագահները չեն մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստին

Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց 2021թ.-ի գործունեությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և խորհրդի այլ անդամներ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ 1992թ.-ի գարնանը։ Նպատակը համահայկական ցանց ստեղծելն էր, Հայաստանին և աշխարհի հայերին աջակցելը, Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր իրականացնելը։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են կառավարական, եկեղեցական, կուսակցական, հասարակական և բարեգործական կառույցների ներկայացուցիչներ: Խորհուրդը հրավիրում է տարեկան ժողով, որին մասնակցում են հոգաբարձուները, տեղական մարմինների և գործադիր վարչության ներկայացուցիչները: 

Հոգաբարձուների խորհրդի այս տարվա նիստին ներկա էր խորհրդի 23 անդամ, որից 5-ը մասնակցում էր հեռավար կարգով։ Նիստին մասնակցում էր նաև հիմնադրամի տեղական մարմինների 25 ներկայացուցիչ, որից 22-ը՝ հեռավար։ Մասնակցում էին նաև հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և գործադիր վարչության ներկայացուցիչները։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Հայկ Սայադյանը տեղեկացրեց՝ տարեկան նիստին մասնակցելու հրավեր ուղարկվել է ՀՀ բոլոր նախագահներին։

Նիստին ներկա չի եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մեզ հետ զրույցում առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշեց. «Նախագահ Տեր-Պետրոսյանը 1998թ. հրաժարական տալուց հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որևէ նիստի չի մասնակցել»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է ընդգրկվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը մանրամասնեց. «Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»: 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես չի մասնակցել հիմնադրամի խորհրդի նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկին:

«Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին ներկա չեն եղել նաև Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ 

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական