ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի հստակեցմանը։ Կողմերի հայտարարությունների մասին Radar Armenia-ն զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանի հետ։
- Պրն Աթանեսյան, Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության (ապրիլի 19-ի) կետերից մեկը, որով կողմերը հաստատել էին Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի օգտագործման կարևորությունը։ Այժմ ինչու՞ է ՌԴ ԱԳ նախարարը նման հայտարարություն անում։ Ի վերջո, Մինսկի խումը գործու՞մ է, թե՞ ոչ։
- Բաքվում Լավրովը բոլորովին այլ խնդիր է ունեցել։ Հունիսի 29-ին Աշխաբադում գումարվում է մերձկասպյան երկրների առաջնորդների խորհրդաժողով։ Ռուսաստանը, որքան հասկացվում է, առաջարկում է ստեղծել համագործակցության ֆորմալացման հարթակ։ Լավրովը Բաքու էր մեկնել Թեհրանից։ Մինչ այդ Մոսկվա էր այցելել Թուրքմենստանի նախագահը։ Այնպես որ, կարծում եմ, Մինսկի խմբի մասին Լավրովի ասածն ավելի շատ հասցեագրված է Ալիևին։ Կմնա՞ նա Ռուսաստանի ծիրի մեջ՝ ԼՂ հարցում Մոսկվան կառաջնորդվի քառասունչորսօրյա պատերազմից հետո նոր ստատուս-քվոյի առաջնահերթությամբ։ Ահա, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Քալընն էլ Ալիևին հիշեցնում է, որ «ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքով»։ Սա զգուշացում է, որ Ալիևը Կասպից ավազանը Թուրքիայի առջև փակելու՝ Ռուսաստանի ծրագրին չմիանա։ Այս համատեքստում են, կարծում եմ, Լավրովի հայտարարությունները գնահատելի։
- Ադրբեջանի նախագահի հետ հաղորդակցության ուղիների վերաբացման հեռանկարների մասին խոսելիս՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է եռակողմ խմբի աշխատանքներում որոշակի առաջընթացի մասին, մինչդեռ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է գործընթացը ձգձգելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, ո՞վ է իրականում ձգձգում այն։
- Պետք է առերեսվել իրականությանը։ Հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիր չկա։ Ադրբեջանը «պատերազմում հաղթողի իրավունքով» ձգտում է հասնել Սյունիքով Նախիջևանի հետ անարգել ցամաքային կապի։ Եթե ավելի պարզ ձևակերպվի, ապա, Ալիևի պատկերացմամբ, դա Սյունիքը չօկուպացնելու դիմաց «օրինական փոխհատուցում է»։ Դա նրան պետք է, որպեսզի ամբողջացնի հաղթողի՝ իր կերպարը։ Արտաքին ուժերից ու՞մ է դա ձեռնտու։ Կարծում եմ՝ ոչ մեկին։ Նույնիսկ Թուրքիան չէր ցանկանա գործ ունենալ նման հավակնություններ ունեցող Ադրբեջանի հետ, էլ չասած՝ Ռուսաստանի և Իրանի մասին։ Մի բան պետք է նկատի ունենալ. եթե Լավրովի՝ Բաքվում արված հայտարարությունը Կրեմլի որոշման բացահայտումն է, Ռուսաստանը, ստանձնելով տարածաշրջանի «բացման» պատասխանատվությունը, վերցնում է ահռելի բեռ։ Նրա ուսերին է մնում իրավիճակի կառավարելիությունը։ Դա ակնհայտ ազդակ է, որ Ադրբեջանը ուժով միջանցք բացելու հարց չի կարող բերել քննարկումների դաշտ։ Գործնականում ի՞նչ լուծում կգտնվի՝ դժվար է կանխատեսել։ Կարող եմ անձնական տպավորություն փոխանցել, որ Հայաստանի հարավը «օտարելու» մասին հայ քաղաքական-փորձագիտական որոշ շրջանակներից հնչող տեսակետները չափազանց հեռու են իրականությունից։
- Վերջին շրջանում եվրոպական կողմը կարծես ավելի լուռ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում. ինչու՞։ Կարելի՞ է ենթադրել, որ ՌԴ-ն այս գործընթացում կարողացել է չեզոքացնել Արևմուտքին։
- Ուկրաինայում, ըստ երևույթին, կշեռքի նժարը թեքվել է՝ հօգուտ Ռուսաստանի։ Լեռնային Ղարաբաղում կանգնած է ռուսական զորախումբ։ Այս իրավիճակում, բնականաբար, Եվրոպան «պաուզա» է պահում։ Իսկ, առհասարակ, Եվրամիությունը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Կասպյան ավազանից էներգակիրների տարանցման «միջանցք»՝ ձգտելով այստեղ հաստատելու կայունություն։ Եթե հունիսի 29-ին Ռուսաստանին չհաջողվի «փակել» Կասպյան ավազանը, ապա Բրյուսելից կհնչի հայ-ադրբեջանական և ԼՂ կարգավորման նոր ազդակ։ Մանավանդ, որ Միշել-Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն կա՝ հուլիսին կամ օգոստոսին անցկացնել բանակցությունների ևս մեկ փուլ։ Եթե Աշխաբադում Պուտինը հաջողության հասնի, կարծում եմ, նա Մոսկվա կհրավիրի Փաշինյանին և Ալիևին, և «սանձերը կվերցնի» իր ձեռքը։ Այս դեպքում «առաջնագիծ» պիտի վերադառնա Ստեփանակերտը՝ հիմք ունենալով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Սա շատ պատասխանատու իրավիճակ է։ Բայց ես չէի ցանկանա այստեղ մանրամասնությունների տրվել։ Պահանջված է փորձագիտական լուրջ աշխատանք, իսկ նման թեմաներով հրապարակային հասցեագրումներ չեն արվում ։
Մարիամ Սարգսյան