Քաղաքական

«Անհամբերությամբ սպասում եմ Ավստրիայի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման»․ Ալեն Սիմոնյան

«Անհամբերությամբ սպասում եմ Ավստրիայի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման»․ Ալեն Սիմոնյան

Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային: Պատվո մատյանում գրառմանը հաջորդել է Ալեն Սիմոնյան-Վոլֆգանգ Սոբոտկա առանձնազրույցը, որից հետո՝ ընդլայնված հանդիպումը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ավստրիացի գործընկերոջը հրավերի համար և շնորհավորել Հայաստանի ու Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Կողմերը փաստել են, որ երեք տասնամյակի ընթացքում մեր երկրների միջև հաստատվել է փոխշահավետ, հուսալի համագործակցություն՝ հիմնված պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ավստրիայի հետ երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը նպաստող ձեռնարկումներին: «Ես վստահ եմ, որ պատգամավորների միջև ամուր կապերն ու շփումները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դերակատարություն ունեն հայ-ավստրիական երկկողմ օրակարգի առաջմղման գործում»,- հավաստել է նա:

Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Ավստրիա-Հայաստան առանձին բարեկամության խումբ ունենալու պարագայում առավել կամրանան միջխորհրդարանական կապերն ու հասցեականությունը:

Քննարկման առանցքում են եղել ԵՄ-ի, եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունները, ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:

Վոլֆգանգ Սոբոտկան կարծիք է հայտնել, որ ժողովրդավարությունը պարգև չէ, այն ամենօրյա աշխատանքի արդյունք է: Նրա խոսքով՝ խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է պահպանել, ինչը նաև խորհրդարանների գործունեության առաջնահերթությունն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին հաջորդող իրավիճակին: Գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը հակիրճ ներկայացրել է պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ու առաջնային լուծումներ պահանջող խնդիրները: Այս համատեքստում նա բարձր է գնահատել այս տարվա մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որը «վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ժխտման Ադրբեջանի շարունակվող քաղաքականությունը»:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Ավստրիայի խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունմանը, որը վերաբերելու է զուտ մարդասիրական հարցերին, ինչպիսիք են 4 տասնյակից ավելի հայ ռազմագերիների և այլ կալանավորվածների ազատագրումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը և այլն: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային հրավիրել է Հայաստան:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական