ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ իրենց քննարկման առանցքում է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Նրա խոսքով. «Վերահաստատել եմ ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ: Այս համատեքստում առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը:
ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը»:
Միրզոյանը նաև ընդգծել է՝ «Երկկողմ օրակարգի հետագա առաջմղման համատեքստում դրական ենք գնահատել մեր ռազմավարական դաշինքի առկա բոլոր մեխանիզմների արդյունավետ աշխատանքը, ներառյալ՝ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի վաղվա նիստին ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել մեր սերտ համագործակցության հարցերին նաև ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ ներկայումս նախագահում է Հայաստանը»։