Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
Ըստ այդմ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու Պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով նախագծին, նշեց, թե այսպես Գլխավոր շտաբի պետը դառնում է Պաշտպանության նախարարի տեղակալ, իսկ գնումների ամբողջ համակարգը իրականացվում է ՊՆ-ի կողմից։ Վարչապետն ընդգծեց՝ «Գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես Զինված ուժերի համար նախատեսված գործառույթներով»։«Այսինքն՝ այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը», - ասաց նախարարը։