Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների՝ իր աշխատասենյակ ներխուժմանը։
Ըստ Ավանեսյանի՝ նրանք պատգամավորին ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում. «2021 թվականի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, և նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր և նաև ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարների հետ՝ ուղղելու հարցեր, քննադատություն և այլն, բայց, չգիտես ինչու, օրենքով սահմանված քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած՝ անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված գռեհիկ շոուներ»:
Ավանեսյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողովը կքննի այդ պատգամավորների վարքագիծն ու անհարիր գործելաոճը և խստորեն կարձագանքի։
Ըստ նախարարի՝ ժողովրդավարություն չի նշանակում անօրինական թողտվություն. «Ժողովրդավարություն նշանակում է պատշաճ վարքագիծ, իսկ երբ դա չկա, այո՛, պետք է կիրառվի վարչարարություն»։