Քաղաքական

ՌԴ-ն երբեք էլ ձեռքից բաց չի թողել հայ-ադրբեջանական գործընթացը

ՌԴ-ն երբեք էլ ձեռքից բաց չի թողել հայ-ադրբեջանական գործընթացը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հնչեցրած հայտարարությունների շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ 

- Պրն Սուրենյանց, ինչպե՞ս կգնահատեք Լավրովի այցը։ Որքանո՞վ էր կարևոր այն՝ հաշվի առնելով, որ սրան նախորդել էր ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ 

- Լավրովի այցը շատ կարևոր է։ Այդ այցը եռաշերտ կհամարեմ։ Առաջինը ֆորմալ առիթն է՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպում։ Մյուսը տարածաշրջանային կոնտեքստն է։ Նրա թուրքական այցի օրակարգում հիմնականում ուկրաինական և սիրիական խնդիրներն էին, բայց քննարկվել են նաև հայ-թուրքական,  հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Բնականաբար, այդ հարցերը քննարկվել են նաև Երևանում։ Տարածաշրջանում արագ զարգացումներ են տեղի ունենում, և ՌԴ-ն, որպես տարածաշրջանի առանցքային դերակատար, իր քաղաքականությունը հստակեցնելու խնդիրներ ունի։ Պատահական չէ, որ Անկարայի այցին հաջորդեց երևանյան այցը։ Երրորդ շերտը վերաբերում է ԼՂ խնդրին։ Ես համարում եմ, որ, անկախ ԵՄ ջանքերից, հենց ՌԴ-ն է ԼՂ խնդրի կարգավորման և հայ-ադրբեջանական դիալոգի հիմնական միջնորդը։ Հատկապես այս առումով է այցը շատ կարևոր, որովհետև իրական հողի վրա տեղի են ունեցել գործընթացներ, դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը սկսել է գործել։ Լավրովը խոսեց ապաշրջափակման կոնկրետ համաձայնությունների մասին, նաև հստակեցրեց, որ ապաշրջափակման ընթացքում ՀՀ-ն տարածքային կորուստ չի ունենալու։ 

- Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ եռակողմ պայմանավորվածությունները։ Անդրադարձ չկա ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում ձեռք բերած պայմանավորվածություններին։ ՌԴ-ն կրկին իր ձե՞ռքն է վերցնում հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

- ՌԴ-ն իր ձեռքից երբեք էլ բաց չի թողել այս գործընթացը, ուղղակի ՌԴ-Արևմուտք գլոբալ հակադրության ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հայտնվեց ինստիտուցիոնալ չգոյության պայմաններում, ԵՄ-ն որոշակի առաջարկություններով հանդես եկավ։ ԵՄ-ն չունի գործուն մեխանիզմներ՝ նշված օրակարգում ակտիվ մոդերատորություն իրականացնելու։ ԵՄ զորքերը չեն գտնվում այս տարածաշրջանում, այդ առումով՝ ՌԴ-ն ունի հստակ լծակ։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում քարտեզները, որ այդ գործընթացի հիմք պետք է հանդիսանան, դարձյալ գտնվում են ոչ թե Բրյուսելում, այլ՝ Մոսկվայում։ ՌԴ-ն գործնականում և պատմականորեն շատ ավելի մեծ հնարավորություն ունի մոդերատորությունն ստանձնելու։ Սա հարցի մի կողմն է։

Մյուս կողմից, իրատես և անկեղծ լինենք ու խոսենք կոնկրետ շահերի մասին. Բրյուսելում հակված են հայ-ադրբեջանական հարաբերությունների «փաթեթային» կարգավորմանը, որը ենթադրում է, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի հարցը, պետք է լուծվի մեկ փաթեթում։ Սա հայկական կողմի համար այնքան էլ ընդունելի լուծում չէ, որովհետև այս պահին գրեթե ակնհայտ է, որ եթե քննարկվի ԼՂ կարգավիճակի հարցը, մեզ համար բարենպաստ լուծում չի կարող լինել։ Ռուսական առաջարկությունն այս հարցում շատ ավելի ընդունելի է հայկական կողմի համար, որովհետև շեշտը դրվում է «փուլային» կարգավորման վրա։ Առաջին փուլում անդրադարձ կատարել դելիմիտացիա-դեմարկացիայի, լոգիստիկ, կոմունիկացիաների խնդիրներին, հետո՝ անդրադառնալ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը։

Ռուսական առաջարկների մեջ ես տեսնում եմ շանս՝ ժամանակավորապես առկախելու ԼՂ կարգավիճակի լուծումը, ինչը բխում է հայկական շահերից։ Կարծում եմ՝ հայկական կողմը, չմերժելով բրյուսելյան գործընթացը, հիմնական ակցենտը պետք է դնի հենց մոսկովյան գործընթացի վրա, մանավանդ, որ կա երեք եռակողմ հայտարարություն։ Լավրովն էլ այսօր արձանագրեց, որ ոչ բոլոր հարցերում կա կոնսենսուս, և, կարծում եմ, դա առաջին հերթին վերաբերում էր ԼՂ կարգավիճակին, որովհետև եթե համադրենք Երևանից և Բաքվից հնչող հայտարարությունները, կտեսնենք, որ ԼՂ կարգավիճակի, զարգացման հեռանկարի վերաբերյալ տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ կան։ 

- ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է Փառուխի դեպքերին՝ նշելով, որ սահմանազատման հարցով աշխատանքի շրջանակում այս հարցերն անպայման կլուծվեն։ ՀՀ-Ադրբեջան սահմանագծան-սահմանազատման հարցերն ի՞նչ կապ ունեն Արցախի հետ։ 

- Հասկանալի չի՝ ինչ կապ ունի։ Կա՛մ կան պայմանավորվածություններ, որոնցից մենք տեղյակ չենք, և այդ հանձնաժողովն ավելի մեծ մանդատ ունի ու նաև Արցախին վերաբերող խնդիրներով է զբաղվելու, կա՛մ այդ ձևակերպումը ձև էր, որի միջոցով Լավրովը խույս տվեց հստակ պատասխանից։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական