ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հանձնառությունն է փոխանցում բոլոր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Փաշինյանի հետ շփման, հատկապես՝ այս տարվա ապրիլին ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով. «Մենք հավատարիմ ենք բոլոր այն որոշումներին, որոնք ուղղված են մեր ռազմավարական համագործակցության և դաշնակցության խորացմանը»։
Ըստ Լավրովի՝ այժմ առանձնահատուկ ուշադրություն են պահանջում տարածաշրջանային հարցերը և որ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն առաջնահերթություն է. «Մենք նպատակաուղղված ենք նրան, որ դրանցում ամրագրված բոլոր դրույթները՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր, այդ թվում մարդասիրական խնդիրների կարգավորմանը, իրագործվեն»։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետերի մակարդակով, գտնվում է վերջանական պայմանավորվածությունների համաձայնեցման առաջընթաց գրանցած փուլում. «Նույնը վերաբերում է սահմանազատմանը: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հիմնադիր նիստը, մենք դա շատ կարևոր ենք համարում: Արդեն կնախապատրաստվենք հանդիպմանը Մոսկվայում՝ արդեն ռուս ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածության համաձայն, կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր: Մենք, ընդհանուր առմամբ, հետաքրքրված ենք, որ մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ամբողջովին կարգավորվեն: Մենք, իհարկե, գիտենք այս առնչությամբ Ադրբեջանի ներկայացրած առաջարկների, ձեր դիրքորոշման մասին, որը դրվել է թղթի վրա: Այն ամենը, ինչ Ռուսաստանը կարող է անել փոխադարձ համաձայնություն գտնելու համար, պատրաստ կլինենք անել»։