ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է օրերս «Դիմադրության» շարժման ներկայացուցիչների՝ Կառավարական երրորդ մասնաշենք ներխուժելու փորձերին։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին հանդիպել նախարարների հետ՝ ճշտելու վերջիններիս դիրքորոշումն Արցախին առնչվող իրենց վերջին հայտարարության վերաբերյալ։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ են ընդդիմադիրներն ուզում մուտք գործելով նախարարության շենքեր՝ հանդիպել իր ու մյուս նախարարների հետ։ «Կառավարության անդամները բոլորը օրենքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ պարտավոր են գալ և հանդիպել պատգամավորներին։ Եվ ուրախ կլինեինք, եթե նրանք լինեին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, մեզ շատ սուր հարցեր տային։ Բայց, ցավոք սրտի, վերջերս ականատես ենք, որ դահլիճը միշտ դատարկ է։ Եվ ինձ հասկանալի չէ, թե հնարավորություն ունենալով ինձ հանդիպել այստեղ՝ իրենց ինչի՞ն է պետք հանդիպումը։ Ինձ համար տարակուսելի է, որ մեր ընդդիմադիրները չեն օգտագործում իրենց հարթակը, որի համար լիազորված են, ընտրված են, և չեն գալիս, հարցեր չեն տալիս, մեզ ուղղված քննադատություն չեն հնչեցնում։ Ես նրանց պահանջին ծանոթ էլ չեմ, մինչև հիմա չեմ հասկացել՝ ո՞րն է պահանջը»։