ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային ապաշրջափակման թեմային, ընդգծելով՝ համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ըստ նրա, արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:
Նա հիշեցրել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Միրզոյանի խոսքով, խումբը 2021թ. ընթացքում ունեցել է 8 պաշտոնական հանդիպում: Ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր. «Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են»: