Քաղաքական

Ընդդիմությունը թող անկեղծ ասի, որ ուզում է հեռանալ փողոցից

Ընդդիմությունը թող անկեղծ ասի, որ ուզում է հեռանալ փողոցից

Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ բախում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ էին տեղափոխվել մի քանի տասնյակ ոստիկաններ և քաղաքացիական անձինք։ Այս իրադարձությունների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։

- Տիկին Վարդանյան, ընդդիմությունը պնդում է, թե ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել, և այդ համատեքստում իշխանության նպատակն է՝ կասեցնել «Դիմադրություն» շարժումը, վախեցնել ակցիաների մասնակիցներին։

- Շարժման կազմակերպիչները ոչ խաղաղ ցույց էին կազմակերպել և չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, հրահրել են բախումներ, հետևաբար, Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Ընդդիմադիրները, հասկանալով, որ որևէ շարժում, որպես այդպիսին, չի գոյանում, առավել ևս, աջակիցներ չեն ավելանում, որոշեցին որևէ սադրանք կազմակերպել։ Կարծում եմ՝ նրանք պատասխանատու են այդ ամենի համար։ Ավելին, այդ օրն արտահերթ նիստ էին հրավիրել ընդդիմադիր պատգամավորները, և մենք մինչև բավական ուշ ժամը սպասել ենք ԱԺ-ում, որ նրանք ներկայանան, որովհետև հրապարակային  ելույթ ունեցան, թե, իբր, այնտեղ չենք։ Մենք սպասեցինք, սակայն նրանք չեկան, ու հերթական անգամ երևաց, որ նրանք ոչ թե իրենց, այլ քաղաքացիների միջոցով են փորձում ինչ-որ հարցեր լուծել՝ առանց խնայելու նրանց առողջությունն ու անվտանգությունը։

- Այդ դեպքում ինչու՞ ի սկզբանե չմասնակցեցիք ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստին, և այն տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով։

- Ընդդիմությունը չի կարող իր օրակարգով շարժել ամբողջ ԱԺ-ն։ Մեր երկրի առջև այսօր կան ծառացած խնդիրներ, և դրանց համապատասխան օրակարգ է ձևավորված խորհրդարանում, որով էլ առաջ ենք շարժվում։ Մենք մեր օրակարգից չենք պատրաստվում շեղվել։ Ինչ վերաբերում է այն նախագծին, որով իրենք ներկայացել էին, կասեմ, որ ուղղակի ծիծաղելի է, երբ տասնամյակներ շարունակ իշխանավարած քաղաքական միավորը ինչ-որ նորարարությամբ է հանդես եկել, և, պարզվում է, կարելի է Արցախը փրկել՝ միայն ինչ-որ հայտարարություն տարածելով։ Բնականաբար, կեղծ օրակարգերի չենք մասնակցելու։

- Տեղեկություն է տարածվում, թե ոստիկանությանը հրահանգվել է Ֆրանսիայի հրապարակից հեռացնել ընդդիմության վրանները։ Կա՞ արդյոք նման որոշում, և, եթե այո, ինչու՞։

- Ես նման տեղեկություն չունեմ։ Կարծում եմ՝ ընդդիմությունը ճիշտ կանի՝ ավելի անկեղծ լինի։ Ընդդիմության առաջնորդները, որոնք մարդկանց խաբեությամբ դուրս են բերել փողոց, ճիշտ կանեն՝ անկեղծորեն ասեն, որ ուզում են փողոցից հեռանալ, ուղղակի ճանապարհը չեն գտնում։ Իսկ եթե այնտեղ այնքան մարդ չի մնացել, որ օգնի հավաքել վրանները, կարող են դիմել ոստիկանություն և խնդրել՝ հեռացնել դրանք։ Վստահ եմ՝ ոստիկանությունը կօգնի։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական