ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցությունների թեմային, ընդգծելով, որ դեռ որոշված չէ օրը, թե երբ կկայանան դրանք. «Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է. նաև բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»։
Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշման դեպքում սահմանազատում իրականացնելու հնարավորությանը, Պարույր Հովհաննիսյանը նշեց՝ հարցը քննարկման փուլում է. «Քննարկումներն սկսվել են. այդ առաջարկը սեղանին է, այդ առաջարկի վերաբերյալ մեր միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք՝ ինչպես կլինի»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հայկական կողմն այլևս չի պնդում զորքերի հայելային հետքաշման հարցը՝ փոխնախարարը նշեց, որ այդ հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. «Չի կարելի պնդել, որ հայկական կողմը չի պնդում. բանակցային գործընթացը գաղտնի է, և մենք ներկա չենք բանակցային սեղանի շուրջ, ինքս էլ բանակցային թիմի մարդ չեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ, ինչպես վարչապետն էլ մի շարք առիթներով նշել է, մեր դիրքորոշումն անփոփոխ է այդ հարցում»: