ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադարձել է ԼՂ խնդրին։
Նրա խոսքով, ԱԳՆ կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո. «Սա իր ուղղակի անդրադարձն է գտել Հայաստանի արտաքին գործերի նախարարության ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարարի և մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների բովանդակության և ընթացքի վրա:
Քննարկումների ձևաչափի առումով մեզ համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը:
Շուրջ մեկամյա դադարից հետո, ինչպես շահագրգիռ պետությունների դիրքորոշման, այնպես էլ հայկական կողմի հետևողական աշխատանքի շնորհիվ 2021 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին և երկրորդ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ»:
Ըստ նրա՝ վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև սադրանքների և հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը. «Մինչև ԵԱՀԿ համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերի 14-ին Մինսկում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ»:
Միրզոյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով մյուս հանդիպումը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը. «Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»: