Քաղաքական

Սաուդյան Արաբիայի նման գործընկեր ունենալը դրական է

Սաուդյան Արաբիայի նման գործընկեր ունենալը դրական է

Հունիսի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ: Radar Armenia-ի հետ զրույցում արաբագետ Հայկ Քոչարյանը, հիմնվելով պաշտոնական հաղորդագրության վրա, նշեց, որ հարաբերությունները զարգացնելու միտում է տեսնում. «Առնվազն այդ հայտարարության մեջ դեռ չի խոսվում առաջընթացի մասին, բայց այդ մակարդակի շփումներն ու գործընթացներն ակտիվ պահելը դրական է»։

Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հիշեցնենք, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ 

Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկարի մասով արաբագետը նշեց, որ նախարարությունն այդ ուղղությամբ է աշխատում. «Միտում եմ նկատել, որ փորձ է արվում այդ հարաբերությունները ստեղծել և զարգացնել, բայց որքանով դա կստացվի, պարզ չէ. երկար գործընթաց է»։ 

Արաբագետը նշեց, որ Հայաստանի համար կարևոր է Սաուդյան Արաբիայի հետ լավ հարաբերություններ ունենալը. «Սաուդյան Արաբիան մահմեդական աշխարհի առաջատարներից է։ Ունենալ նման գործընկեր, որի հետ կարելի է ձևակերպել ընդհանուր օրակարգեր, շատ դրական կանդրադառնա միջազգային հարաբերությունների վրա»։

Հարցին՝ հնարավո՞ր է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը քաղաքական տեսանկյունից խնդիրներ ստեղծի Հայաստանի և այլ գործընկեր պետությունների միջև, Քոչարյանը նշեց. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կառուցվում երրորդ երկրի հարաբերությունների հաշվին, և դա պետք է երրորդ երկրներին չմտահոգի»։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են նաև երկու երկրների առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորության մասին։ Արաբագետ նշեց, որ այդ ոլորտները կարող են տարբեր լինել. «Այս պահի դրությամբ էլ որոշ ծավալի ապրանքաշրջանառություն կա երկու երկրների միջև։ Ոլորտները կարող են կապված լինել թե՛ գյուղատնտեսության, թե՛ առաջատար տեխնոլոգիաների և թե՛ կրթության հետ»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական