Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, թե կառավարությունը իր գործողություններում ու հայտարարություններում հրապարակային է: Նրա խոսքով՝ «այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է»։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարությանը, թե իրենք ուզում են իշխանություներից կոնկրետ լսել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Եթե ընդդիմադիրները գործընկերային են, ապա գործընկերային պատասխան կստանան: Եթե ինչ-որ պահանջներ են ներկայացնում ու բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի։ Եթե ընդդիմությունը շարունակի նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի»։
Հարությունյանն ուզում է, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն. «Մեկ տարի առաջ մեր ժողովուրդը պատասխանը տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել․․․ Կներեք, բայց գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցության տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից»։
Հարությունյանը նաև նշեց, որ Իլհամ Ալիևի ամեն հայտարարությունից հետո Հայաստանում դողէրոցք է սկսվում, թե «երկիրը ծախեցին». «Եկեք մենք մեզ հարգենք։ Ուրիշին թուրք անվանելով կամ Թուրքիային մեծարելով՝ մենք մեր հարցերը չենք լուծում, մեր թուլություններն ենք ցույց տալիս, վախերն ենք ցույց տալիս: Երբ որ դու մեկին թուրք ես անվանում, նշանակում է՝ դու սարսափներ ունես, իսկ եթե ունես, պետք է գնաս դրա լուծմանը»։