Քաղաքական

Վարչապետի աշխատակազմն ավտոպարկն օպտիմալացնելու խնդիր է դրել

Վարչապետի աշխատակազմն ավտոպարկն օպտիմալացնելու խնդիր է դրել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում, բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է, թե իրենց առջև ավտոպարկի օպտիմալացման խնդիր է դրված, ու քննարկվում է սպասարկման առումով ավելի մատչելի էլեկտրամեքենաներով փոխարինման հարցը. «Ներկայումս հաջորդ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերն են քննարկվում կառավարությունում: Վարչապետի աշխատակազմը, եթե ոչ միակ, ապա եզակի գերատեսչություններից է, որ սահմանված չափաքանակից քիչ է ներկայացրել: Ոչ թե այն պատճառով, որ ծրագրերը չենք իրականացնում, իրականացնում ենք, մի բան էլ՝ ավելի, պարզապես կարողացել ենք որոշակի օպտիմալացում իրականացնել: Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել՝ մասնավորապես, ավտոպարկի օպտիմալացման առումով, որպեսզի ծանրաբեռնված չլինենք և համապատասխան ծախսերը նվազեցնենք»:

Հարությունյանը չի բացառել էլեկտրական մեքենաներ ձեռք բերելու տարբերակը. «Ոչ միայն վերջին աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, այլև՝ առհասարակ, մենք նկատում ենք վառելիքի գների շարունակական աճ: Եվ, իհարկե, միջոցներ պետք է ձեռնարկել՝ ոչ միայն կրճատելու, այլև՝ հնարավոր օպտիմալ տարբերակներ ընտրելու առումով: Կառավարությունում ոչ պաշտոնապես, բայց կուլիսներում, քննարկումների ժամանակ, երեկ էլ՝ մեր գործընկերների հետ խոսելիս, երբ մեքենաների հայտեր էին ներկայացրել, քննարկում էինք էլեկտրական մեքենաների տարբերակը, որոնց սպասարկումը բավականին մատչելի է: Բոլոր նրանք, ովքեր ունեն նման մեքենաներ, դա կփաստեն»։ 

Ըստ Հարությունյանի՝ մոտ 900 մեքենաների գերակշիռ մեծամասնությունն արդեն հնամաշ է ու ենթակա փոփոխման. «Այդ տրամաբանության մեջ մեզ ոչ միայն օպտիմալացում է պետք, այլև, հնարավոր փոփոխությունների դեպքում, այնպիսի տարբերակների ընտրություն, որոնք թույլ կտան՝ լուրջ խնայողություններ անել»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական