Քաղաքական

ՔՊ գործող վարչության անդամներից ովքե՞ր չեն առաջադրվել

ՔՊ գործող վարչության անդամներից ովքե՞ր չեն առաջադրվել

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց կուսակցության վարչության և վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրված թեկնածուների ցանկը։ Որպես վարչության անդամի թեկնածու՝ առաջադրվել է 48, որպես հանձնաժողովի անդամի թեկնածու՝ 16 կուսակցական։ ՔՊ համագումարը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 18-ին։

Նկատենք, որ ՔՊ գործող վարչության անդամներից մի քանիսն այս անգամ չեն առաջադրվել։ Նրանցից է, օրինակ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով կուսակցության վարչության կազմում է 2016-ից։ Վերջինս 2018-ին ընտրվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր։

Radar Armenia-ի հետ զրույցում պատգամավորը նշեց՝ «Չեմ ցանկացել։ Հիմա չեմ ցանկանում մեկնաբանել դա։ Այդպես եմ որոշել, ու՝ վերջ»։ Հարցին՝ ինչ-որ տարաձայնություննե՞ր կան, Հովակիմյանը բացասական պատասխան տվեց՝ վստահեցնելով, որ, անկախ վարչության կազմում չլինելուց, շարունակելու է կուսակցական գործունեությունը։

ՔՊ գործող վարչության անդամներից այս անգամ չեն առաջադրվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը, նախկին պատգամավորներ Արման Բոշյանը, Սիփան Փաշինյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն, ում անդամակցությունն այս պահին սառեցված է։

Փոխարենը՝ վարչության անդամ է առաջադրվել ԵԿՄ նախագահ, կուսակցության վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ նախորդ համագումարում վարչության 21 տեղի համար առաջադրված էր 51 թեկնածու, իսկ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի 7 տեղի համար՝ 30 թեկնածու:

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական