ԵՄ խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարություն էր տարածել` Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ խորացնել համագործակցությունը երկու երկրների հետ ու հասնել նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ։
Radar Armenia-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշեց՝ թեև հասցեական չէր, բայց գերազանցապես վերաբերվում էր Ալիևին. «Նա կոչ էր անում՝ հայտարարությունը չդիտարկել որևէ խնդրով արդյունքը կանխորոշող մի բան։ Հիշեցնում էր՝ ինչ էին պայմանավորվել, և դա հատկապես Ադրբեջանին էր վերաբերում, որովհետև Ալիևը գործնականում ներկայացրել էր, թե հասել է զանգեզուրյան միջանցք ձևավորելու իրողությանը։ Շառլ Միշելը հիշեցնում էր, որ էքստրատերիտորիալ միջանցքների շուրջ պայմանավորվածություններ չկան, և չի քննարկվել այդպիսի հարց։ Ալիևը ուրախացել էր «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն Շառլ Միշելի՝ «Ղարաբաղ» բառն օգտագործելուց։ Բայց Միշելը ասում էր, որ այդ բառերը ամենևին չեն նշանակում, թե կողմերը պետք է մեկնաբանեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Նաև Միշելը նշում էր, որ այն բոլոր պատճառները, որոնք հանգեցրել են կոնֆլիկտի, և որոնց մեջ մտնում է նաև ԼՂ կարգավիճակի շուրջ հայկական կողմի պահանջը, բոլոր խնդիրները պետք է լուծումներ ստանան»։
Սաֆարյանը նաև անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածություններին՝ նշելով, թե այս պահին տարածաշրջանային իրավիճակը փխրուն է. «Բանակցությունները ոչ այնքան բանակցություններ են, որքան՝ բանակցություններ սկսելու մասին երկխոսություն։ Շառլ Միշելի հայտարարությամբ այդ բանակցությունները պահելու և կողմերին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, կոնստրուկտիվ դաշտում պահելու քայլ էր»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակը հետագա լուրջ լարվածության վերածվի, Սաֆարյանը պատասխանեց. «Կվախենամ Ալիևի քայլերը կանխատեսել, համենայն դեպս, պետք է սպասել, թե ինչ արձագանք է տրվում։ Ադրբեջանական կողմին գրեթե 10 տարի փորձում են բերել կառուցողական դաշտ, չի ստացվում, հիմա մնում է հասկանալ՝ ինչ կարելի է անել, եթե նա շարունակի նույն ոճով»։
Անուշ Մկրտչյան