Քաղաքական

Ընդդիմադիր պատգամավորը մանդատներից զրկելը «փոքր հարց» է որակում

Ընդդիմադիր պատգամավորը մանդատներից զրկելը «փոքր հարց» է որակում

Ընդդիմության գործողությունների, փողոցային պայքարի հնարավոր դադարեցման մասին Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանի հետ։

- Պրն Ավետիսյան, լուրեր են տարածվում, որ «Դիմադրություն» շարժումը դադար է վերցնելու, և այս փուլում չեք իրականացնի փողոցային  պայքար։

- Նման բան չկա, մեր պայքարը շարունակվում է, ամեն օրն ավելի վճռական է դառնում, քան՝ նախորդն էր։ Ինչպես հայտարարել ենք, պայքարը մղելու ենք մինչև վերջ՝ մինչև իշխանությունների հեռացումը, որովհետև ակնհայտ է, որ այսօրվա վիճակի՝ հայրենազրկման, ինքնիշխանության կորստի հիմնական պատճառը իշխանություններն են և պետք է հեռանան, որ հնարավոր դառնա վերականգնել մեր ինքնիշխանությունը, բեկել վիճակը և գնալ առաջ։ Իշխանության բիրտ ուժի կիրառման, ազատ խոսքի նկատմամբ տեռորի, մանիպուլյացիաների, ֆեյքային հարձակումների, կազմակերպված ճնշումների, մեկ բառով՝ բռնատիրության պայմաններում մեր պայքարը հանուն ՀՀ-ի է և ընդդեմ Արցախի թրքացման։ Սա չի կարող որևէ կերպ կասեցվել, անձի կամ նեղ քաղաքական խմբակի, կամ իշխանական աթոռ պահելու և այլնի հետ կապված չէ։ Ես համոզված եմ, որ լինելու է հանգուցալուծում, հայ մարդը չի կարող հանդուրժել իրեն նսեմացնող և իր տեսակին հակառակ գործողություններ իրականացնող իշխանություն։

- Վերջին օրերին ակցիաների մասնակիցներին բերման են ենթարկում, ձերբակալում՝ ոչ միայն վարչական իրավախախտման, այլև՝ զանգվածային անկարգությունների դեպքերով։ Այս փաստն ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ամեն օր որոշ ոստիկանների կողմից տարբեր սադրանքներ եմ տեսնում։ Օրինակ, ԱԺ պատգամավորին բերման են ենթարկում ոստիկանական բաժին այն դեպքում, երբ նման իրավունք չունեն։ Ես քիչ առաջ եմ վերադարձել ձերբակալվածների պահման վայրից, այնտեղ վերը նշված հոդվածներն են «կարել» մարդկանց վրա, որոնք բացարձակ կապ չունեն այդ ամենի հետ։ Բերել են, ստանդարտ նույն հոդվածը դրել։ Շատ պարզունակ վարվելակերպ է. վախկոտների իշխանությունը մշտապես ապավինում է նման գործելակերպի։ Ինչքան վախկոտ են, այնքան՝ գործողություններն ավելի նենգ, ավելի բիրտ և ոչ ժողովրդավարական։ Իրենք ժողովրդավարության հետ բացարձակ կապ չունեն։

- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե մտադիր է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսկել։

- Ինձ բացարձակ չի հետաքրքրում ո՛չ այդ անձը, ո՛չ իր հայտարարությունները, ո՛չ գործողությունները։ Ես գիտեմ, որ հայրենիք եմ կորցնում։ Ես իմ երեխաների աչքերին չեմ կարողանում նայել. մեր ծնողներից ժառանգված հայրենիքը, անկախ պետականությունը պետք է պահպանենք ու փոխանցենք մեր երեխաներին։ Մնացածն ինձ համար այնքան փոքր բան է, որ նույնիսկ երկար, ուշադիր նայում եմ, չեմ տեսնում։

- Մամուլը գրում է, թե ներկայումս շարժման առաջնորդը Դաշնակցությունն է, որն Իշխան Սաղաթելյանի միջոցով համակարգում է դիմադրությունը, և այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ շատ հաճախ միայն օրվա ընթացքում են տեղեկանում՝ ինչ անելիքներ կան։

- Սա ապատեղեկատվություն է։ Ուզում են ինչ-որ պառակտման տպավորություն ստեղծել։ Դա է իրենց զինանոցում՝ նենգություն, փոքրոգություն։ Նման բան չկա։ Սա համահայկական շարժում է։ Այն մեծ թափ ունի նաև սփյուռքում, իր արտացոլումն ունեցավ նաև Արցախում, և ժողովուրդն իր խոսքն ասաց։ Այս եռամիասնության հիմքով պայքարն անխուսափելիորեն ունենալու է հստակ վերջնարդյունք։ Նենգությունը, ահ տալը, ոստիկանների թիկունքում թաքնվելով՝ ինչ-որ հայտարարություններ անելը, վստահաբար, որևէ արդյունք չեն ունենալու, ընդամենն ավելացնում են այսօրվա իշխանությունների գործած բազմաթիվ հանցագործությունների և ապօրինությունների երկար շարքը։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական