ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է լավ և կառուցողական մթնոլորտում։
Նշենք, որ հանձնաժողովում ընդգրկված է նաև Սանոսյանի տեղակալը՝ Հովհաննես Հարությունյանը։
Սանոսյանը հայտարարել է. «Կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում է եղել։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել և այլն»։
Հարցին, թե ինչպե՞ս է անցել հանձնաժողովների առաջին հանդիպումը կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր ստեղծվել, որի հետևանքով հակառակորդի կրակոցից զոհվել էր նաև զինծառայող, Սանոսյանը պատասխանել է. «Այո, սահմանին միջադեպերը խանգարում են նման գործընթացներին և շատ դատապարտելի է, երբ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»։
Սանոսյանը նաև անդրադարձել է անկլավների թեմային՝ նշելով, որ կարևոր են իրավական հիմքերը, հայկական կողմն Արծվաշենի վերաբերյալ ունի իրավական հիմքեր. «Թե անկլավների հարց կլինի, թե սահմանների, այդ քարտեզները պետք է ունենան իրավական հիմքեր։ Ակնհայտ է, որ մենք Արծվաշենի մասով իրավական հիմքեր ունենք։ Մնացածը, կաշխատեն գործընկերները, կտեսնենք»։