Երեկ «Դիմադրության» շարժման ներկայացուցիչները, մասնավորապես՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները փորձում էին մտնել կառավարական երրորդ մասնաշենք, ուր տեղակայված են մի շարք նախարարություններ: Նրանք այդպես ցանկանում էին հանդիպել նախարարներին ու ճշտել նրանց դիրքորոշումը՝ ընդդիմության վերջին հայտարարության վերաբերյալ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է, որ եթե նախարարները պետական շենքերում իրենց չեն ընդունում, կարող են գնալ նրանց տները։
Radar Armenia-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը այս հայտարարությունը խնդրահարույց համարեց. «Նախարարները իրենց տան մեջ նախարարական գործառույթ չեն իրականացնում, հետևաբար, տներով գնալու տրամաբանությունը չեմ հասկանում»։
Իրավապաշտպանը զուգահեռներ անցկացրեց 2018թ. հեղափոխության օրերին պատգամավորների տներ այցելելու և այսօրվա ընդդիմության ծրագրած գործողությունների մեջ. «2018թ.-ին ևս գնում էին պատգամավորների տների մոտ, բայց չէին գնում՝ որպես պատգամավոր կամ նախարար նրանց հարցեր տալու։ Իրենք գնում էին որպես ընտրողներ՝ պատգամավորների հետ հարց ու պատասխան ունենալու։ Նախարարը իր տանը պաշտոնին համապատասխան գործառույթներ չի իրականացնում։ Սա ճնշման տարբերակ է»։
Նման հայտարարությունները Կարապետյանցը անցանկալի որակեց. «Հատկապես պատգամավորները ունեն հարց ու պատասխանի հնարավորություն, երբ նախարարները կամ փոխնախարարները գալիս են ԱԺ, և պատգամավորները հնարավորություն ունեն իրենց հարցերն ուղղելու։ Այլ խնդիր է, թե որքանով են այդ հարցերին պատասխանում։ Խնդիրը պատասխան ստանալու մեջ չէ, որովհետև եթե Իշխան Սաղաթելյանը կամ որևէ մեկը պատասխան ստանալու ակնկալիք ունի, դրա ալտերնատիվ հնարավորությունը կա։ Ավելի ազնիվ կլինի, եթե կոնկրետ ասեն, թե ինչ են ուզում այդ գործողություններով անել»։
Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ մեկ ամսից ավելի է՝ Իշխան Սաղաթելյանը և ընդդիմադիր մյուս պատգամավորները կառավարության հետ հարց ու պատասխանի հնարավորությունից չեն օգտվում. «Նման պաշտոն և ստատուս ունեցող մարդը, մասնավորապես՝ պատգամավոր մարդը, պետք է իրեն հաշիվ տա, թե ինչ է անում, ինչ է խոսում, ինչ բառապաշարով և ինչ գործողություններ է առաջարկում հանրությանը։ Սա ավելի շատ բարոյականության և ողջամտության հարթակի մեջ է։ Ցավալիորեն, շատ հայտարարություններ, որոնք արվում են ընդդիմության կողմից, չեն հետապնդում հենց այն նպատակները, որոնք մասնակի, բայց հայտարարվում են։ Դրանք իրենց հիմքում ունեն այլ նպատակներ, հետևաբար, երբ նպատակները և գործողությունները չեն համապատասխանում, դիսոնանս է լինում, և անհասկանալի իրավիճակ է ստեղծվում»։
Անուշ Մկրտչյան