Երեկ ոստիկանությունը «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներից մի քանիսին բերման է ենթարկել խուլիգանության կասկածանքով, իսկ ինչպես ավելի ուշ պարզվեց՝ քրեական գործ է հարուցվել կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար. 8 անձ ձերբակալված է:
Ընդդիմության պնդմամբ՝ իշխանությունը փորձում է բռնաճնշումների միջոցով կանգնեցնել իրենց պայքարը։ Մինչդեռ, ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի, ընդդիմության որևէ թեզ մինչև այս պահը հիմնավոր չի եղել. «Ընդդիմության աջակիցների թիվը, ինչպես իրենք են ներկայացնում, օր-օրի չի ավելանում, ընդհակառակն, պակասում է։ Դա տեսանելի է բոլորին։ Միայն շոուներ սարքելով, ամպագոռգոռ հայտարարություններ անելով չէ։ 21-րդ դարում ենք ապրում, տեխնիկա կա, որոնցով հնարավոր է մանրակրկիտ հաշվարկներ կատարել։ Դրանք էլ փաստում են, որ ընդդիմության թիվն օրեցօր նվազում է։ Արդեն ամսից ավել է՝ փողոցում են և չկարողացան իրենց ձայն տված մարդկանց թեկուզ 2%-ին դուրս հանել փողոց»։
Պատգամավորը ոստիկանության գործողությունները գնահատեց իրավաչափ. «Եթե ակցիայի մասնակիցները կատարել են խուլիգանություն, համապատասխան հոդվածով պետք է ձերբակալվեն։ Բնականաբար, եղել է 1-2 դեպք, երբ ոստիկանի կիրառած ուժը ոչ համաչափ է եղել, բայց այդ դեպքերն ստանալու են իրենց գնահատականը։ Փողոցային պայքարի շրջանակներում ես դա նորմալ եմ համարում, իրավիճակը դրանից զերծ մնալ չէր կարող։ Շատ փոքր թիվ է կազմել այս օրերի ընթացքում, ինչը բնական է»։
Պալյանի խոսքով՝ ընդդիմադիրներն իրենց թույլ են տալիս մանր խուլիգանություններ անել։ Օրինակ, փորձում են ԱԳՆ շենքը գրավել, մինչդեռ, պատգամավորի ներկայացմամբ, մոտ մեկ ամիս առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հրավիրել էր իր մոտ՝ ստանալու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, վերջինս էլ գնացել էր. «Ես բեմադրություն ու հերթական շոու եմ համարում ընդդիմադիրների կատարած այդ քայլերը։ Ընդդիմադիր գործընկերներիս խորհուրդ կտամ գտնել ինչ-որ ձև՝ այդ մարդկանց տուն ուղարկելու, որովհետև շարժումն այլևս ձախողված է, և չպետք է ինչ-որ հույսեր փայփայել, որ ինչ-որ պահի կհաջողի։ Այսօր գործող իշխանությունն ունի ՀՀ քաղաքացու վստահությունը, ընդամենը 9 ամիս առաջ են տեղի ունեցել ընտրություններ, և քաղաքացին մեզ տվել է շատ հարցերի պատասխաններ։ Այնպես որ, ստիպված են համակերպվել և հաշվի նստել ՀՀ քաղաքացու հետ»։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե մտադիր է ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով դիմել ԱԺ խորհրդին, և հարցին՝ արդյո՞ք սա ևս չի կարող ճնշման փորձ դիտարկվել ընդդիմության շրջանում, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Ես, լինելով իշխող ուժի ներկայացուցիչ, համաձայն եմ, որ օրենքի սահմաններում սկսվի ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց։ Օրենքը թույլ է տալիս, որ անհարգելի բացակայությունների որոշ սահմանի դեպքում պատգամավորները զրկվեն մանդատից։ Ինքս կողմնակից եմ, և եթե ինչ-որ պահի նման գործընթաց սկսվի, կողմ կլինեմ և կքաջալերեմ»։
Մարիամ Սարգսյան