Քաղաքական

Կառավարությունը 2017-ի համեմատ վերադարձրել է շուրջ 1200 տոկոսով ավելի եկամտային հարկի գումար

Կառավարությունը 2017-ի համեմատ վերադարձրել է շուրջ 1200 տոկոսով ավելի եկամտային հարկի գումար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձել է հարկային եկամուտներին։ Նրա խոսքով, պետությունը նախորդ տարի վերադարձրել է 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկի գումար, որը 1250 տոկոսով ավելին է, քան 2017 թվականին վերադարձվածը:

Ըստ վարչապետի, 2018-ի դրությամբ գործել է եռաշերտ եկամտային հարկի դրույքաչափ: Հետո սահմանվել է համահարթ եկամտային հարկ, որոշվել, որ դրույքաչափն ամեն տարի իջեցնելով պետք է հասնել 20 տոկոսի: 2022-ի դրությամբ եկամտային հարկը 21 տոկոս է։

Այն ժամանակ կառավարությանը քննադատեցին պետական բյուջեի եկամուտները նվազեցնելու մեջ. «2017 թվականին հավաքագրվել է 343 մլրդ 683 մլն եկամտային հարկ, երբ հարկային դրույքաչափերը եղել են անհամեմատ բարձր: 2021 թվականին, երբ վերին շեմից ընդհուպ տասնըքանի տոկոսով նվազում ենք ունեցել, եկամտային հարկ հավաքագրել ենք 459 մլրդ դրամ, այսինքն՝ 116 մլրդ դրամով կամ 33 տոկոսով ավելի եկամտային հարկ: Սա շատ հետաքրքիր էֆեկտ է, երբ մենք, հարկային դրույքաչափը նվազեցնելով, ավելի շատ հարկ ենք հավաքել»:

Փաշինյանն ընդգծեց՝ մի քանի հոդվածներով եկամտային հարկը պետությունը վերադարձնում է։ Դրանցից ամենածավալունը հիփոթեքային վարկի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է. «2017 թվականին վերադարձել է 2 մլրդ 417 մլն դրամ եկամտային հարկ: 2021-ին մենք վերադարձրել ենք 32 մլրդ 640 մլն դրամ եկամտային հարկ, որը 1250 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին վերադարձվածը: Սա նշանակում է, որ մարդիկ բնակարան են ձեռք բերել: Նաև մի քանի այլ սոցիալական ուղղություններով վերադարձի պրակտիկա գոյություն ունի»։ 

Ըստ վարչապետի՝ դա կառավարության բարեփոխումների շատ ուղիղ արդյունքն է, որն ունի և´ ֆիսկալ, և´ սոցիալական, և´ տնտեսական նշանակություն: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական