ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը գրել է․
«ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ Մարիա Կարապետյանի հետ աշխատանքային այցով գտնվել ենք Լիտվայի Հանրապետությունում՝ Վիլնյուս քաղաքում։
Այցի շրջանակում հանդիպել ենք Լիտվայի Հանրապետության Սեյմասի ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Լաուրինաս Կաշունասի, Սեյմասի Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի, ԵԱՀԿ ԽՎ-ում Սեյմասի պատվիրակության ղեկավար Վիլիյա Ալեկնայտե Աբրամիկիենեի, Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի, Սեյմասի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Լայմա Լյուսիյա Անդրիկիենեի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանը, հետպատերազմյան իրավիճակին, հայաստանյան ժողովրդավարությանը, հակակոռուպցիոն գործիքակազմին, ԼՂ հակամարտությանը, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցեր: Ընդգծել եմ Հարավային Կովկասում և Հայաստանում տիրող իրական իրավիճակը լիտվացի գործընկերներին ներկայացնելու կարևորությունը: Ներկայացրել եմ ԼՂ հակամարտության համատեքստում ՀՀ իրականացրած քայլերը և շեշտել, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում ներքաղաքական լարվածությանը՝ նշել եմ, որ 2022 թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիներն իրենց ձայնն են տվել խաղաղության օրակարգին: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ներկայացրել է հակակոռուպցիոն գործիքակազմի և համակարգի ձևավորմանն ուղղված քայլերն ու արձանագրած հաջողությունները: Ընդգծելով, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը սերտ փոխկապակցված են՝ Մարիա Կարապետյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունն ունի քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցակարգերի արմատավորման համար: Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան իրավիճակին, մեդիամանիպուլյացիաներին, կեղծ լուրերին և դրանց ազդեցությանը:
Լիտվացի գործընկերներին հավաստիացրել եմ, որ երկարատև խաղաղության օրակարգը հիմնաքարային է ՀՀ իշխանության համար, ինչին ուղղված գործնական քայլերը նկատելի չեն Ադրբեջանի կողմից: Մանրամասնելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման տարբեր ծավալների և մասշտաբի դեպքերը՝ ներկայացրել եմ նաև Ադրբեջանից Արցախ անցնող գազատար խողովակի փակման դեպքը, որի հետևանքով Արցախի բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ էր հայտնվել».