Մայիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը։
ՀՀ ԱԳՆ-ն, դատապարտելով հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել՝ զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած հանձնառությունները։ Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է հրադադարի ռեժիմը խախտելու փաստը՝ որակելով այն ապատեղեկատվություն։
Ըստ քաղաքագետ Արմեն Պետրոսյանի՝ Ադրբեջանը ՀՀ-ի հետ հիմնախնդիրների վերաբերյալ ունի հստակ օրակարգ, որի նպատակն է անզիջում և առավելապաշտական դիրքերից հասնել հայկական կողմի առավելագույն զիջումներին։ Radar Armenia-ի հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ այդ օրակարգի իրականացման համար ադրբեջանական կողմը սեփական շահերն առաջ է մղում երկու ուղղությամբ. «Առաջին հերթին՝ տարաբնույթ դիվանագիտական հարթակներում, հատկապես՝ բրյուսելյան, հաշվի առնելով Արևմուտքի որոշակի հետաքրքրությունները մեր տարածաշրջանում՝ պայմանավորված ՌԴ-ի դիրքերի թուլացմամբ։ Վերջինս ուղղակիորեն համընկնում է Բաքվի շահերի հետ։ Մյուսը ռազմական ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման հնարավորության վերաբերյալ ուղերձներն են, որի ապացույցն է վերջին հրադադարի խախտումը, որը մարդկային կորստի հանգեցրեց»։
Պետրոսյանի խոսքով՝ նման գործելակերպով ադրբեջանական կողմը հայկական կողմին ուղերձ է հղում առ այն, որ եղած խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը Բաքվի օրակարգից դուրս մղված չէ. «Հետևյալ բանաձևն է՝ ադրբեջանական կողմը, հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, դիվանագիտական բոլոր հնարավոր հարթակներում իր անզիջում և առավելապաշտական դիրքորոշումն առաջ մղելով, ձգտում է հայկական կողմին պարտադրել զիջումներ, բայց, միևնույն ժամանակ, դեռևս օրակարգում է պահում խնդրի հանգուցալուծման ռազմական ճանապարհը։ Չցանկանալով որևէ զիջման գնալ դիվանագիտական հարթակներում (եթե, անգամ, արևմտյան կողմերի միջնորդությամբ լինի կարգավորումը, Ադրբեջանից պահանջելու են որոշակի զիջումներ)՝ նա հնարավորություն է թողնում, ՌԴ դիրքերի թուլացմանը զուգընթաց, ուժի սպառնալիքի և կիրառման միջոցով, առանց հայկական կողմին որևէ բան զիջելու, հասնել սեփական նպատակների իրականացմանը։ Ադրբեջանն ունի սկզբունքային անզիջում օրակարգ, որին ձգտում է հասնել ցանկացած եղանակով։ Այս պահին, բնականաբար, նախընտրելի է դիվանագիտական եղանակը, բայց չհաջողելու դեպքում պահպանում է հնարավորությունները՝ ռազմական եղանակով իր խնդիրները լուծելու համար»։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ի այն պնդմանը, թե հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային ետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, քաղաքագետն ասաց, որ չկա դրան համաձայնելու հավանականությունը. «Զորքերի հայելային ետքաշման նպատակը ռազմական բախումներից խուսափելն է։ Հայկական կողմից նման դիրքորոշման հաստատումը պայմանավորված է նաև սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների տիրույթում հայելային ետքաշումը որպես հնարավոր լարվածությունից խուսափելու լավագույն միջոց շեշտադրելու հնարավորությունն օգտագործելու համար»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ Ադրբեջանն իր զբաղեցրած որևէ դիրքից հետ քաշվելու պլաններ չունի։ «Պետք է պատրաստ լինել թեկուզ ոչ լայնամասշտաբ և ոչ երկարատև, բայց, ամեն դեպքում, Ադրբեջանի ռազմական սադրանքները անզիջում կոշտությամբ ռազմական եղանակով լռեցնելուն։ Միայն նման կերպ ադրբեջանական կողմը չի դիմի հետագա սադրանքների, քանի որ Ադրբեջանի նախագահի և իշխանությունների համար նաև ներքին քաղաքականության կարևորագույն խնդիր է հաղթածի դիրքն ու կերպարը անբիծ թողնելն ու պահպանելը։ Եթե հայկական կողմից Ադրբեջանը նկատի կտրուկ ռազմական դիմադրություն, ապա հերթական սադրանքներ նախաձեռնելուց առաջ ստիպված կլինի ավելի երկար մտածել»։
Մարիամ Սարգսյան