«Սա նոր ղարաբաղյան շարժում է․ այսօր Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքը, այստեղի այս բազմամարդ հավաքը, Սփյուռքում տեղի ունեցող հավաքները դրա վառ ապացույցն են»,- անդրադառնալով համաժողովրդական պայքարին՝ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը ներկայացրել է պայքարի առաջիկա գործողությունները։ Առանցքում, ինչպես արդեն ասվել է, խորհրդարանական ընդդիմության հրապարակած հայտարարությունն է, որում ամփոփված են այն հիմնադրույթներն ու նախապայմանները, որոնք իրականացվելու դեպքում միայն հնարավոր են Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում հենց այդ հայտարարության ստորագրման հարցն է։
Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց՝ բոլորի դիրքորոշումը պետք է պարզեն, երկրի բոլոր պետական հաստատությունները, հասարակական կազմակերպություննները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն հայտարարության վերաբերյալ։
Այդ նպատակով երկուշաբթիից ուրբաթ պետք է աշխատանքներ տարվեն։ «Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք։ Գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն։ Վիճակն օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին։