Խորհրդարանական ընդդիմությունն ապրիլի 12-ից բոյկոտում է ԱԺ աշխատանքները՝ անցնելով փողոցային պայքարի։ Սակայն մինչև այդ էլ պատգամավորները պարտաճանաչ չեն գտնվել ինչպես ԱԺ լիագումար նիստերին, այնպես էլ՝ մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցության հարցում։ Արդյունքում՝ նրանց աշխատավարձից գումարներ են պահվել։
Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԺ-ից տրամադրած տեղեկանքի համաձայն՝ գարնանային նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն է։ Նա մինչև այս տարվա մարտ ամիսը եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հիմա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է։ Ղազինյանը հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայել է 6 անգամ, պատգամավորի աշխատավարձից պահվել է մոտ 195․000 դրամ։
Երկրորդ ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից Արմեն Չարչյանն է, ով անդամակցել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովին։ Նա ներկա չի եղել հանձնաժողովի 5 նիստի։ Պատգամավորի աշխատավարձից հանվել է շուրջ 162․000 դրամ։
Երրորդ ամենաշատ բացակայած պատգամավորը ևս «Հայաստան» խմբակցությունից է՝ Աղվան Վարդանյանը։ Ընդդիմադիր պատգամավորը ներկա չի եղել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի 4 նիստի, ինչի համար պատգամավորի աշխատավարձից պահվել է մոտ 127․000 դրամ։
Հինգ պատգամավորների աշխատավարձերից պահվել է ավելի քան 90․000 դրամ՝ հանձնաժողովի 3 նիստից բացակայելու համար։ Նրանք են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով), Արթուր Սարգսյանը (Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով), Հռիփսիմե Ստամբուլյանը (Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով), «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը (Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով), «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Լիլիթ Մինասյանը (Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով)։
Ինչ վերաբերում է նախորդ տարվա ընթացքում ԱԺ աշնանային նստաշրջանին, ապա այստեղ էլ հանձնաժողովների նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների ցանկը գլխավորում է Արթուր Ղազինյանը։
Վերջինս նիստերից անհարգելի բացակայել է 10 անգամ, ինչի համար պատգամավորի աշխատավարձից պահվել է ավելի քան 300․000 դրամ։ Երկրորդը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է. նա ևս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում է։ Աբրահամյանն անհարգելի բացակայել է հանձնաժողովի 9 նիստից, ինչի համար պատգամավորի աշխատավարձից պահվել է ավելի քան 270․000 դրամ։ Երրորդը «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն է, ով հանձնաժողովի նիստերից բացակայել է 8 անգամ։ Պատգամավորի աշխատավարձից պահվել է շուրջ 240․000 դրամ։
Հանձնաժողովների 7 նիստերից անհարգելի բացակայելու համար շուրջ 210․000 դրամ պահվել է 3 պատգամավորի աշխատավարձից։ Նրանք են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Կարեն Համբարձումյանն ու Հայկ Սարգսյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Գեղամ Մանուկյանը։
Մոտ 150․000 դրամ պահվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի աշխատավարձից՝ հանձնաժողովի նիստերից 5 անգամ անհարգելի բացակայելու համար։ Մի շարք պատգամավորների աշխատավարձերից էլ հանվել է մինչև 100․000 դրամ աշխատավարձ։
Մարիամ Սարգսյան