Խորհրդարանական ընդդիմությունը հաջորդ շաբաթ նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ։ Ընդդիմադիրները պնդում են՝ խորհրդարան կվերադառնան միայն իրենց օրակարգով։
Այս մասին Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։
- Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ որն է ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու՝ ընդդիմադիրների նպատակը, երբ նրանք փողոցային պայքարի են անցել։
- Ընդդիմադիրներն, ամեն դեպքում, պետք է վերադառնան ԱԺ, որովհետև ինչքա՞ն կարող են փողոցում մերկապարանոց հայտարարություններ անել և ասել, թե ամբողջ ազգը ոտքի է կանգնել, այնինչ անգամ իրենց հանրահավաքներին մշտապես գնացողներն են սկսել օր ու մեջ մասնակցել։ Կարող են ամենաշատը մոտ 2-3 հզ մարդ հրավիրել, իսկ բողոքի ակցիաների ժամանակ անգամ այդքան մարդ չի լինում։ Մի 1000 հոգով գնում ակցիաներ են իրականացնում, տարբեր գերատեսչությունների մուտքեր են փորձում փակել մի 10 րոպեով, հետո տեսանյութ նկարում, թե իրենք հերոսներ են, որ կարողացել են, օրինակ, ԱԳՆ-ի կամ նախագահականի մուտքը փակած պահել, հետո էլ ասել՝ այդպիսով փրկեցին Արցախը։
- Ընդդիմությունը պնդում է, թե ԱԺ կվերադառնա միայն իր օրակարգով։
- Այս հայտարարությամբ իրենց շատ վատ դրության մեջ են դնում։ Այսինքն, մոտ 7 ամիս իրենք օրակարգ չեն ունեցել ԱԺ-ում և շարժվել են բացառապես ԱԺ մեծամասնության և կառավարության օրակարգով, հիմա խոստովանում են դրա մասին։ Թող համենան, ԱԺ դռները բաց են բոլոր պատգամավորների առաջ, հատկապես, երբ վերջապես կունենան իրենց օրակարգը։
- Ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմադիր գործընկերների հետ ձեր հետագա աշխատանքը։
- Մենք աշխատելու ենք հանուն ՀՀ-ի, ի շահ ՀՀ քաղաքացու։ Հիմա թող իրենք պատկերացնեն՝ ինչպես մեզ հետ աշխատել հանուն ՀՀ-ի, որովհետև մինչ այսօր իրենք արել են հակառակը՝ որքան վատ քաղաքացիների համար, այնքան լավ՝ իրենց համար։
Ոմանք, հնարավոր է, գոնե մի քիչ արժանապատվություն ունենան և ուղղակի վայր դնեն մանդատները, որովհետև հայտարարել են, որ եթե իրենց այս պայքարը չստացվի, ԱԺ-ում այլևս անելիք չունեն։ Մյուսները կվերադառնան ԱԺ։ Այս շարժումն արդեն իսկ մարած է սկսել։ Այն, որ առաջին օրն իրենց հանրահավաքին կարողացան 12 հզ մարդ բերել, շատ բան է նշանակում (ամենայն հարգանքով այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց կամքով են գնացել): Նախորդ տարի Արթուր Վանեցյանի օգնականը փող էր տալիս հանրահավաքին մասնակցող մարդկանց համար, ինչքան էլ հետո այդ մարդկանց անվանեց մուրացիկներ։ Ամեն դեպքում, հանրահավաքներին փողով մարդ բերելու փորձն ունեն։