Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր անդրադարձել է սահմանազատման և հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական ակտիվացած բանակցություններին, նշելով, որ տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։
Նրա խոսքով, Թեհրանը աջակցում է տարածաշրջանային ապաշրջափակմանը. «Բարեբախտաբար, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ մասնագիտական խմբերի հանդիպումները լավ արդյունքներ են տալիս։ Որքանով տեղեկացված ենք լրատվամիջոցներից, որոշ թյուրիմացություններ լուծվում են։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքներն ու կանոնները, և բանակցությունները լինեն կառուցողական։ Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս երկրների արդյունավետ բանակցությունների արդյունքում։ Բնական է, որ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է այս ճանապրհները բացել և կապ ստեղծել։ Այդ ամենը պետք է տեղի ունենա՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Իրանը կաջակցի բոլոր այն հարցերին, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ճանաչված կանոններին և օրենքներին»։