Խորհրդարանական ընդդիմությունը հաջորդ շաբաթ պատրաստվում է հանդես գալ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։ Միայն թե, իշխանություններն առայժմ չեն շտապում հայտարարել այդ նիստին իրենց մասնակցության մասին։
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ սա նախաձեռնել են հատուկ նրանց համար, ովքեր դեռ կասկածում են, թե այս վարչախումբն Արցախի ու Հայաստանի հարցում ինչ դիրքորոշում ունի. «Անում ենք, որ հանրությունը հստակ տեսնի՝ ում հետ գործ ունի»։
Որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը, եթե իշխանությունը չմասնակցի նիստին և քվորում չապահովի. Նազարյանը պատասխանեց՝ «ոչ մի բան էլ չենք անելու, արձանագրելու ենք, որ չեկան»։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարան վերադառնալուն, Նազարյանը հակադարձեց. «Իսկ մենք դո՞ւրս ենք եկել խորհրդարանից։ Մենք չենք գնում ո՞ր նիստերին, որտեղ զբաղվում են դատարկախոսությամբ և արագ-արագ քվեարկելով՝ գնում են իրենց անձնական խնդիրների լուծմանը։ Ի տարբերություն ՔՊ խմբակցության անդամների՝ մենք անդադար զբաղվում ենք պատգամավորական այն գործունեությամբ, որով մեզ ժողովուրդը մանդատ է տվել՝ զբաղվել երկրի, պետության խնդիրներով։ Այս պահին պետության գլխավոր ամբիոնը Ֆրանսիայի հրապարակում է, մենք գտնվում ենք Ֆրանսիայի հրապարակում»։
Նազարյանի խոսքով՝ իրենք, իհարկե, շարունակելու են ցույցերը, որովհետև ցույցերի նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և երկիրը հնարավորություն ունենա՝ ուղղել իր կորացած ողնաշարը։
Ոսկեհատ Պողոսյան