Քաղաքական

Դավիթ Լոքյանն ու արցախցիները հերքում են ԱԺԲ հայտարարությունը

Դավիթ Լոքյանն ու արցախցիները հերքում են ԱԺԲ հայտարարությունը

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող երեք ՀԷԿ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺԲ-ի խոսնակը, հաստատելով իրենց հայտարարության տեղեկությունը, նշեց. «Հէկ-երից երկուսը պատկանում են դաշնակցականներին՝ հանձինս Լևոն Մկրտչյանի և Դավիթ Լոքյանի, երրորդն էլ Արշավիր Ղարամյանինն է, որն իր ազգականի անունով է գրանցված»։ 

ՏԿԵ նախկին նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը մեր հետ զրույցում, սակայն, պնդեց՝ Բերձորի միջանցքում ՀԷԿ-եր չկան, իսկ ինքը բաժնեմասեր ունեցել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում եղած հէկ-երից. «Չկան այդպիսի ՀԷԿ-եր, այն ՀԷԿ-երը, որոնք մենք ունեցել ենք, Բերձորի միջանցքի ճանապարհից բավականին վերև են եղել և անցել են ադրբեջանական օկուպանտներին. դրանցում ես ունեցել եմ 4,6,9 % բաժնեմաս, իսկ այսօր ոչինչ չունեմ»։

Լոքյանը նշեց, որ այդ ՀԷԿ-երն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են՝ ավերված ու քանդված։ 

Դավիթ Լոքյանի խոսքով՝ նման տեղեկություններ տարածելը կամ բացարձակ անտեղյակությունից է, կամ հերյուրանք է. «Այդ ամբողջը հերյուրանք է, կեղծ լուրեր են կապված մեզ հետ։ Մեկ տարուց ավելի է՝ ես ընդհանրապես որևէ կապ չեմ ունեցել Ղարաբաղի հետ, առավել ևս՝ անձերի, որոնց մասին նշվում է։ Ղարաբաղի բոլոր գործակալությունները կարող են ինֆորմացիա տալ, որ նշված ՀԷԿ-երը, որ դեռևս գտնվում են ռուսական վերահսկողության տարածքում, մեզ հետ բացարձակապես կապ չունեն»։

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանն, անդրադառնալով  ԱԺԲ հայտարարությանը, ասաց. «ԱԺԲ-ին մեկնաբանելը, հերքելը կամ հաստատելը նույնն է, թե Ալիևին մեկնաբանես։ Ինչքան Ալիևն է ատում Արցախն ու Արցախում ապրող հայերին, երկու այդքան՝ ԱԺԲ-ի անդամները, որոնք անհայտ ծագման անձեր են»։

Հակոբյանի կարծիքով՝ Ազգային-ժողովրդավարական բևեռը հիմա վրեժ է լուծում Բալասանյանից. «Որովհետև, ինչպես Ալիևն էր գալիս գրավելու, նույնը ժամանակին իրենք էին՝ գալիս էին Արցախը գրավելու, ու կանխվեց այդ փորձը, իրենք մինչև հիմա վրեժ են լուծում»։

Ոսկեհատ Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական