ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե իրենք հաջորդ շաբաթ նախաձեռնելու են անցկացնել ԱԺ արտահերթ նիստ։
«Մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ՝ երեկոյան հանրհավաքին մանրամասն կասեմ՝ ինչ նիստ ու ինչ օրակարգով, և հիմա հայտարարում եմ՝ դե տղա ե՞ն, թող գան»։
Լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, իբր ընդդիմադիր պատգամավորները վախենում են գնալ ԱԺ և իրենց հարցեր ուղղել, Սաղաթելյանը նշել է. «Իրենք ով են, որ կանչեն՝ օրակարգ ձևավորեն․ մեր ձևակերպումն եղել է շատ հստակ, մենք ասել ենք, որ ժողովրդի կողմից ունենք մանդատ, պարտավոր ենք սպասարկել այդ մանդատը, բարձրացնել ժողովրդի խնդիրները, այսօր մեզ տված մանդատը պահանջում է, որ լինենք փողոցում և սպասարկենք այդ օրակարգը։ Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով»։
Իսկ ինչ վերաբերում է հարգելի կամ անհարգելի բացակայություններին, Սաղաթելյանը նշել է. «Անհարգելին իրենք են, որովհետև իրենք ժողովրդից կտրված են և այսօր մենք ենք իրենց բացակա դնում, ոչ թե իրենք։ Ինչ վերաբերում է դուխին՝ մի հատ ԱԺ մոտով անցեք, տեսեք՝ ինչ է կատարվում․ մի քանի հազար զորք բերել, շարել են խորհրդարանի ներսը, դուրսը ու խոսում են համարձակությունից»։