Քաղաքական

«Անկլավների հարց չի քննարկվել Բրյուսելում. արձանագրել ենք՝ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է». Ն. Փաշինյան

«Անկլավների հարց չի քննարկվել Բրյուսելում. արձանագրել ենք՝ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է». Ն. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության այն ձևակերպմանը, թե «անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»։

ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն իր հարցում նշեց, որ այդ ձևակերպումը շահարկվել է առ այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, Եվրամիությունը ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, և սա նահանջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից։

Փաշինյանն ընդգծեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել են այդ բանակցությունները. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։ Մինսկի խմբի համանախագահող ՌԴ-ի նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով»։

Նրա խոսքով՝ Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել լուրջ քննարկում, և դրա արդյունքներով արձանագրվել են ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները. «Այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն՝ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ լուծված չէ, և խաղաղության պայմանագրի հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք էլ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգն այդ կապակցությամբ։ Մեր սկզբունքներում առաջադրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։ Քանի որ քննարկումների արդյունքում ձևակերպումների շուրջ համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որը, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից»։

Անդրադառնալով անկլավների հարցին՝ վարչապետն ասաց․ «Մենք ասել ենք, որ մինչ այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ ՀՀ-ում դե յուրե գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը, արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական