ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության բողոքի գործողություններին՝ ընգծելով, որ իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ՝ լոգիստիկ։
Ըստ Փաշինյանի՝ «Մենք խոսում ենք իրականում քաղաքում խցանման, երթևեկության շարժի մասին։ Տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այստեղ սիներգիա է առաջանում, և տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան»։
Նա պնդել է, որ ընդդիմության գործողություններն այլևս ուղղված են ոչ թե իշխանությունների, այլ արդեն հանրության դեմ։ «Ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով իր ասելիքը ներկայացնել հանրությանը։ Սովորաբար նման ակցիաների նպատակը հանրությանը պրոցեսի մեջ ներգրավելն ու քաղաքական պահանջ ձևակերպելն է։ Բայց քանի որ դա տեղի չի ունեցել, այդ գործընթացները հիմա հանրության դեմ են»։
Ըստ նրա, ընդդիմությունը հանրությունից վրեժ է լուծում, նաև՝ 2021թ. ընտրություններում արտահայտած դիրքորոշման համար։
Փաշինյանը նաև հիշեցրել է «Հայաստան» դաշինքը գլխավորած Ռոբերտ Քոչարյանի «մինչև քոքը մաշեցնելու» մասին խոսքերը և նշել. «Չկարողանալով դա իրականացնել, այդ ուժն ինքն իր նկատմամբ է իրականացնում կարգախոսը։ Եւ կարծում եմ՝ չպետք է խանգարել, որ մինչև քոք մաշվի»։