Քաղաքական

«Այս պայքարն իշխանափոխության համար չէ». «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Այս պայքարն իշխանափոխության համար չէ». «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արդեն մեկ ամսից ավելի է՝ ընդդիմադիր գործիչները բողոքի ցույցեր և անհնազանդություններ են կազմակերպում՝ պահանջելով իշխանությունների հեռանալը։ Սակայն այդ ակցիաների մասնակիցների թիվը բավականին քիչ է, և այդպես էլ չի մոտենում «կրիտիկական զանգվածի»։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց. «Ողբերգություն է, որ այս խնդիրների պարագայում փողոց է դուրս գալիս, լավագույն դեպքում, 40 հազար մարդ, ընդունենք՝ 140 հազարն էլ մարզերում են աջակցում։ Ողբերգություն է, որովհետև տեսնելով, որ գործող վարչախումբը պատրաստվում է Արցախը հանձնել Ադրբեջանին, հրաժարվում է Արցախի ինքնորոշման համար պայքարել, պատրաստվում է Հայաստանի տարածքները հանձնել Ադրբեջանին, միջանցք տրամադրել Ադրբեջանին, ոչինչ չեն անում»:

Նազարյանի կարծիքով՝ եթե առողջ տրամաբանությամբ նայենք, սա քաղաքական, նախընտրական պայքար չի, որ մեկը մի ուժին աջակցի, մյուսը՝ այլ. «Սա կոնկրետ խնդիր է. օգնո՞ւմ ենք, որ լինի Հայաստան, թե՞ չենք օգնում: Իհարկե, լավ կլիներ, որ շատ մարդիկ դուրս գային, բայց այնքանն են դուրս գալու, որքանը փոխելու են այս երկիրը, այսինքն՝ ողնաշարը հենց իրենք են»:

Ըստ պատգամավորի՝ միջազգային ուշադրությունը բավարար է. «Սակայն արևմտյան որոշ երկրների կողմից տեսնում ենք նաև կողմնակալ վերաբերմունք: Նրանք շատ վատ են ընդունում այս ամենը, ուզում են, որ չլինի, դրա մասին է վկայում նաև ԱՄՆ դեսպանի հայտարարությունը»:

Նազարյանը շեշտեց, որ այս պայքարն իշխանափոխության համար չէ, այլ՝ Հայաստանի փրկության։ Ժամկետների մասին խոսելով՝ պատգամավորը նշեց. «Այն կլինի, երբ ավելի լավ աշխատենք ու ավելի լավ բացատրենք Փաշինյանին, որ ինքը պետք է հրաժարական տա: Օրեր չենք կարող նշել, դա կարող է լինել վաղը, մյուս օրը, մյուս շաբաթ»:

Ոսկեհատ Պողոսյան 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական