Քաղաքական

Հակակոռուպցիոն կոմիտեի գործերի ծանրաբեռնվածությունը կթեթևանա

Հակակոռուպցիոն կոմիտեի գործերի ծանրաբեռնվածությունը կթեթևանա

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին աշխատում է  բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ, և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների պնդմամբ՝ այս փաստը չի կարող չանդրադառնալ քննվող գործերի որակի վրա: Ըստ փոխնախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 10-11 քրեական գործ:

Ըստ այդմ, առաջարկվում է  Հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը թողնել հիմնականում պաշտոնատար անձանց կոռուպցիոն հանցագործությունները։
Փոխնախարարի խոսքով. «Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է Քրեական օրենսգրքի համապատասխան հավելվածով նախատեսված բոլոր կոռուպցիոն հանցագործությունները: Այսչափ ծանրաբեռնվածությամբ աշխատելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարողանում ավելի մեծ ուշադրություն դարձնել այն գործերին, որոնք ավելի մեծ ջանասիրություն են պահանջում: Շատ ու շատ այնպիսի կոռուպցիոն գործեր կան, որոնք բազմադրվագ են, վերաբերում են պետությանը վերադարձվող մեծ քանակի ապօրինի գույքերի, նաև այլ հետևանքներով քրեական գործերի: Հետևապես Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները գտնում են, որ այս գործերը շատ ավելի մեծ նշանակություն ունեն հակակոռուպցիոն քաղաքականության տեսանկյունից»։ 

Նախագիծը միտված է Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայության տիրույթում թողնել միայն այն կոռուպցիոն հանցագործությունները, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից. «Բոլոր մնացյալ կոռուպցիոն գործերը կքննվեն Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, եթե դրանք կատարվել են պաշտոնատար անձի կողմից, բայց կա մի բացառություն. եթե չի կատարվել պաշտոնատար անձի կողմից կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, բայց շահադիտական դրդումներով են կատարվել տվյալ հանցագործությունները, ապա այս դեպքում ևս այս հանցակազմերը կլինեին կոմիտեի քննչական ենթակայության տիրույթում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական