Քաղաքական

Այս նախագծով հանքեր շահագործողների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը ավելի արդար ու արդյունավետ կդառնա. ֆինանսների փոխնախարար

Այս նախագծով հանքեր շահագործողների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը ավելի արդար ու արդյունավետ կդառնա. ֆինանսների փոխնախարար

ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցմամբ է հանդես գալիս ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ 

Ըստ նրա՝ փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020-ի աշնանից սկսած մետաղների միջազգային շուկաներում գներն անշեղորեն աճման միտում են դրսևորում: Այս պարագայում գնահատվում է, որ ռոյալթիի գործող համակարգը, ըստ էության, հնարավորություն չի տալիս ոլորտում ձևավորվող նոր արժեքը արդարաբար բաշխել կառավարության և տվյալ ոլորտը ներկայացնող տնտեսավարողների միջև. «Առաջարկվող համակարգը ենթադրում է ռոյալթիի շահութաբերությունից կախված բաղադրիչի ամրապնդում, առաջարկվում է շահութաբերությունից կախված երկրորդ բաղադրիչի ներմուծում: Այն, ըստ էության, ավելի երկար ժամկետի համար նախատեսված լուծում է: Եվ դրանով իսկ ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր կարող է ապահովել ոլորտում ներդրումներ կատարած, կատարելու մտադրություն ունեցողների համար: Ի տարբերություն ռոյալթիի շահութաբերությունից կախված գործող բաղադրիչի, երկրորդ բաղադրիչն ունի մի փոքր այլ տրամաբանություն: Սա այն իմաստով, որ առաջարկվում է լրացուցիչ հարկերով ծանրաբեռնել շահույթի այն մասը, որը, ըստ էության, ամբողջությամբ տնօրինվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից»:

Ապա նա հավելեց՝ առաջարկվում է «ստատուս քվոն» պահպանել այն պայմաններում, երբ շահութաբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Այս երկրորդ բաղադրիչը սկսում է կիրառվել, երբ  շահութաբերությունը գերազանցում է 10 տոկոսը. «Սա շատ կարևոր դրվագ է այն իմաստով, որ երբ մետաղների գները վերադառնան մի փոքր ավելի ցածր մակարդակի, կստացվի այնպես, որ մենք որևէ բեռ չենք ավելացնում ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական