44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հինգ հանդիպում է կայացել, հինգն էլ՝ եռակողմ։ Հանդիպումներից երկուսն անցկացվել է ՌԴ, երեքը՝ Եվրոպական միջնորդությամբ։ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը կայացավ 2021-ի հունվարի 11-ին՝ Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Մոտ 4-ժամյա հանդիպման ընթացքում կողմերը հայտարարություն էին ընդունել, որը, կարելի է ասել, 2020-ի նոյեմբերի 9/10-ի հայտարարության լրացում էր՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին։ Եվ պատահական չէ, որ հետագա քննարկումներում մշտապես հղում է արվում երկու հայտարարություններին էլ։
Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումն արդեն մոտ մեկ տարի հետո էր, և կրկին ՌԴ հովանավորությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեցին 2021-ի նոյեմբերի 26-ին՝ Սոչիում։ Այդ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, նաև՝ «գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ»։
Այդ հանդիպմանը ՌԴ նախագահն ի նշան խաղաղության՝ եռակողմ հանդիպման ամփոփիչ հայտարարության ժամանակ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին նվիրել էր ձիթենու ճյուղեր: 19 օր անց եղավ ևս մեկ հանդիպում, այս անգամ արդեն Բրյուսելում։ 2021-ի դեկտեմբերի 15-ի հանդիպումը, փաստորեն, պատերազմից հետո արդեն պաշտոնական Բրյուսելի միջնորդությամբ առաջին հանդիպումն էր, որը համակարգում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Կողմերի միջև ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին այդ հանդիպմանը հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում։
Այս հանդիպումից հետո այլևս ՌԴ միջնորդությամբ հանդիպում չի եղել, թեև ՌԴ նախագահը պարբերաբար շփումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Իսկ Բրյուսելյան հարթակը մնացել է ակտիվ։
2022-ի թվականի ապրիլի 6-ին՝ վերջին հանդիպումից մոտ 4 ամիս անց, Բրյուսելում կայացավ Փաշինյան-Միշել-Ալիև երկրորդ հանդիպումը։ Այդ հանդիպումից հետո հայտարարվեց մինչև ապրիլի վերջ սահմանագծման ու սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին. «Ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ»։
ԵԽ նախագահի մասնակցությամբ հայ-ադրբեջանական կողմերի վերջին հանդիպումն էլ կայացավ երեկ՝ մայիսի 22-ին։ Եվ, ինչպես փաստեց ԵԽ նախագահը, հարցերը քննարկվել են բավական մանրամասն ու դետալային։
Մարիամ Սարգսյան