Քաղաքական

«Արդյո՞ք Մոսկվայի և Բրյուսելի գործընթացները փոխլրացնում են միմյանց». Սուրենյանց

«Արդյո՞ք Մոսկվայի և Բրյուսելի գործընթացները փոխլրացնում են միմյանց». Սուրենյանց

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երրորդ եռակողմ հանդիպման և հաջորդած հայտարարությունների մասին Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։

- Պրն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում Բրյուսելում կայացած վերջին եռակողմ հանդիպումը։ Քննարկման ո՞ր կետերն էին կարևոր ու նշանակալի։

- Եթե քննարկումը տևում է 5-6 ժամ, բնականաբար, ենթադրելի է, որ բավականին առարկայական քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ համալիրը։ Թե՛ ՀՀ կառավարության, թե՛ Միշելի հայտարարություններում նշված են այս պահին հրապարակում եղած խնդիրները՝ դելիմիտացիա-դեմարկացիա, տարանցման հարցեր, կոմունիկացիաների բացում։ ՀՀ կառավարության հաղորդագրությունը շատ լակոնիկ է և քիչ պատկերացում է տալիս քննարկումների բովանդակության մասին։ Շատ ավելի առարկայական է Շառլ Միշելի հայտարարությունը, որում հանգամանալից անդրադարձ կա մի շարք հարցերի։ Հայտարարությունը «դարակներով» է և թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել։ Հստակ է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի հարցում արդեն որոշում կա, և հանդիպումը տեղի է ունենալու։ Եթե խոսում են, որ առաջիկա օրերին հանդիպելու են, նշանակում է՝ հանձնաժողովների կազմերը պատրաստ են։

Միշելի հայտարարությունում մի ձևակերպում կա, որը պարզաբանման կարիք ունի՝ «տարանցման կարգավորման սկզբունքներ», որը, ըստ նրա, համաձայնեցվել է Ալիևի և Փաշինյանի միջև։ Շատ կարևոր է հասկանալ այս սկզբունքները։ Արդյո՞ք դրանք շրջանառությունից հանում են տխրահռչակ «միջանցքի» գաղափարը, թե՞, այնուամենայնիվ, «միջանցք» լինելու է։ Այլ խոսքով՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը վտանգելու՞ է ՀՀ-ի ինքնիշխանությունը երկրի որոշակի տարածքի նկատմամբ, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում, քանի որ Միշելի հայտարարությունն այդ մասով շատ ընդհանրական է։ Տեքստում շատ խրթին ձևակերպումներ կան Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու, ՀՀ տարբեր մարզեր իրար հետ կապելու մասին։ Սկզբունքների մասին առկա տեղեկատվությունը ավելի հեռուն գնացող հետևություններ անելու հնարավորություն չի տալիս։

Ինձ համար ամենամտահոգիչ հանգամանքներից մեկը Միշելի հետևյալ ձևակերպումն է՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Այս կետից հասկացվում է, որ սա Միշելի հորդորն է։ Այսինքն, Ղարաբաղի հարցում Ալիևն ու Փաշինյանը համաձայնության չեն կարողացել գալ, սա ակնհայտ է։ Այս ձևակերպումը, կարծում եմ, էապես իջեցնում է ԼՂ հնարավոր կարգավիճակի նշաձողը, որովհետև այն նույնիսկ ինստիտուցիոնալ երաշխիքներ չի ստեղծում ԼՂ-ի՝ անգամ քաղաքական ինքնավարության համար։ Այս ձևակերպումը նույնպես պարզաբանման անհրաժեշտություն ունի, որովհետև կարող է տարատեսակ մանիպուլյացիաների տեղիք տալ։

- Սա կողմերի երրորդ հանդիպումն էր Բրյուսելում։ Տեսակետներ կան, որ բրյուսելյան հարթակը դառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այլընտրանք՝ առանց ՌԴ-ի։ Ո՞րն է գործընթացում ՌԴ դերակատարումը։

- Բրյուսելյան գործընթացն ինձ մոտ որոշակի հարցեր է առաջացնում։ Շատ սկզբունքային է պարզել՝ արդյո՞ք Մոսկվայի և Բրյուսելի գործընթացները փոխլրացնում են միմյանց, թե՞ մեր տարածաշրջանային հարցերի և, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների մոդերատորության հարցում անհաշտ պայքար կա Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ Եթե մոդերատորության կամ միջնորդական ձևաչափի հարցում Արևմուտքի և ՌԴ-ի միջև կա անհաշտ մրցակցություն, այն կարող է լրացուցիչ անվտանգային ռիսկեր ծնել ՀՀ-ի համար՝ վերջինիս դնելով բարդ երկընտրանքի առաջ։ Շատ վտանգավոր է մեր տարածաշրջանային խնդիրները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ԼՂ խնդիրը դարձնել աշխարհաքաղաքական գլոբալ հակադրության թիրախ։ Սա վտանգավոր հետևանքներ կարող է մեզ համար ունենալ, ծնել նոր, անկանխատեսելի ռիսկեր, որոնք կարող են առանց այդ էլ փխրուն անվտանգային միջավայրն ավելի խոցելի դարձնել։

- Այդ դեպքում ինչպե՞ս պետք է դիրքավորվի ՀՀ-ն։

- Էական տարբերություն կա Բրյուսելի և Մոսկվայի միջնորդական մոտեցումների բովանդակության միջև։ Բրյուսելում, ըստ էության, առաջարկում են փաթեթային լուծում տալ հայ-ադրբեջանական հարաբերությունների բոլոր խնդիրներին՝ ներառյալ ԼՂ կարգավիճակի խնդիրը։ Սա դարձյալ ռիսկեր է ծնում Երևանի համար, որովհետև Միշելի՝ քիչ առաջ մեջբերածս հայտարարության համատեքստում ակնհայտ է, որ եթե այսօրվա իրականության մեջ լուծենք ԼՂ խնդիրը, այն դիտարկենք ողջ փաթեթի մաս, ապա ԼՂ հնարավոր կարգավիճակի հարցը չի կարող հայկական կողմի համար ձեռնտու լինել։ Սա և՛ պատերազմի հետևանքներից է բխում, և՛ այն իրավիճակից, որ ԼՂ-ի ինքնորոշման կամ անկախության հարցում ՀՀ-ն չունի դաշնակիցներ։ Այս պահին եթե քննարկվի ԼՂ կարգավիճակի խնդիր, հայկական կողմի համար բարենպաստ լուծում ակնկալելը գրեթե անհնար է։

Ռուսական միջնորդության մեջ, ըստ էության, առաջարկվում է երկփուլ խաղաղության գործընթաց, որը ենթադրում է, որ ԼՂ կարգավիճակի լուծումը հետաձգվում է ավելի ուշ փուլի։ Ես կարծում եմ, որ ռուսական միջնորդության այս մոտեցումը ավելի մոտ է հայկական շահերին։ Իհարկե, այս մոտեցման մեջ նույնպես կան ռիսկեր, որովհետև եթե կարգավորված չէ խնդիրը, ֆորս-մաժորային իրավիճակների հնարավորություն է առաջանում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ եթե այս պահին հնարավոր է խուսափել ԼՂ կարգավիճակի լուծումից, հայկական դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի դրա համար, մանավանդ, որ Մոսկվայի մոտեցումները դրա հնարավորությունն ստեղծում են։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական