Քաղաքական

Ռուբեն Ռուբինյանն Իրանի դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանն Իրանի դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե՛ ավանդույթի և թե՛ ներկա իրողությունների վրա: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնակի կարևորություն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որին որակական նոր մակարդակ են հաղորդում փոխայցերը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, կարևորելով հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, նշել է, որ դրանք պետք է զարգացնել, այդ թվում` միջխորհրդարանական հարթակներում: Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահը դեսպանի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները:

Խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման կարևորությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական