Քաղաքական

Այդ դեպքերը պետք է հետաքննվեն. ԱՄՆ դեսպանը՝ ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների մասին

Այդ դեպքերը պետք է հետաքննվեն. ԱՄՆ դեսպանը՝ ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր անդրադարձել է ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած միջադեպերին։

«Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում դեսպանը մտահոգություն է հայտնել, որ իրավապահներն ուժ են կիրառում բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ. «Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում ցուցարարների հետ, ակնհայտ է, որ այստեղ կան մտահոգություններ: Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում, անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի։ Եվ մենք ազդակներ տեսել ենք, որ կառավարությունը ցանկանում է հետաքննել այս դեպքերը»։ 

Դեսպանն անդրադարձել է ցուցարարներին ևս. «Ցուցարարները ևս ունեն պատասխանատվություն խաղաղ իրականացնելու ակցիաները՝ քաոս, խառնաշփոթ չստեղծելու, մյուսների իրավունքները չոտնահարելու հարցում»։

Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. «Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական կառույցների հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փաստում է Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական գործընթացներում։ Թրեյսիի խոսքով. «Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ի հեճուկս բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի առաջ, հասարակությունը և կառավարությունը ժողովրդավարության արժեքներին հանձնառու են ու միտված են մարդկանց կենսամակարդակը բարելավվելուն» ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական