Ապրիլի 12-ից խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ աշխատանքները՝ հայտարարելով փողոցային պայքար ծավալելու մասին։ Այս մեկ ամսվա ընթացքում նրանք մեկ անգամ են մասնակցել ԱԺ նիստին, երբ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ եկել էին խորհրդարան։ Բայց այդ նիստին էլ նրանք մի քանի րոպե մնացին. վարչապետի հրաժարականի հարցը բարձրացնելուց հետո, ամբողջությամբ չլսելով Փաշինյանի պատասխանը, նրանք ցուցադրական հեռացան դահլիճից։
Մինչ այդ, Radar Armenia-ն ԱԺ-ից հետաքրքրվել է, թե ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում ովքեր են ամենաշատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորները, և նրանց աշխատավարձերից ինչքան գումար է պահվել։
Եվ այսպես, ԱԺ գարնանային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 17-ից։ Այս ընթացքում անցկացվել է 20 հերթական նիստ, նաև՝ եղել են արտահերթ նիստեր։
Եվ ահա, հիմնական անհարգելի բացակաները խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն են՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։ Ապրիլի 30-ի դրությամբ ամենաշատ բացակայող պատգամավորների ցուցակը գլխավորում է «Հայաստան» խմբակցությունից Արմեն Չարչյանը. նա անհարգելի չի մասնակցել 11 նիստի, արդյունքում՝ աշխատավարձից պահվել է ավելի քան 363 հազար դրամ։ Երկրորդ տեղում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն է. նա անհարգելի չի մասնակցել 6 նիստի, և աշխատավարձից պահվել է 256,5 հազար դրամ։ Ի դեպ, Իշխան Սաղաթելյանն ամենաշատն է անհարգելի բացակայել նաև ԱԺ աշնանային նստաշրջանում՝ 6 անգամ, և այն ժամանակ էլ նրա աշխատավարձից պահվել է 258,5 հազար դրամ։ Երրորդ տեղում նույն խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն է՝ 8 անհարգելի բացակա։ Նրա աշխատավարձից էլ պահվել է 248,1 հազար դրամ։
Ստորև ներկայացնում ենք ԱԺ նիստերից անհարգելի բացակայած այն պատգամավորների ցանկը, որոնց աշխատավարձից պահվել է 100 հազարից ավելի գումար։
Ի դեպ, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորների բացակայությունը կարող է նրանց մանդատից զրկելու հիմք հանդիսանալ։ Կանոնակարգի 156 հոդվածի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները կարող են դադարել «մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու» դեպքում:
Ըստ այդմ, ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի ամենաշատ անհարգելի բացակայածներն են՝ Իշխան Սաղաթելյան՝ 100 բացակայություն, Վահե Հակոբյան՝ 97, Լիլիթ Գալստյան՝ 98, Արմեն Ռուստամյան՝ 101, Արթուր Ղազինյան՝ 98, Գեղամ Մանուկյան՝ 128, Անդրանիկ Թևանյան՝ 104, Արմեն Չարչյան՝ 119, Ասպրամ Կրպեյան՝ 102, Արթուր Վանեցյան՝ 115:
Ա.Գ.