Այս տարի լրանում է Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։
1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում երկու երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ Արդեն 1992թ. ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը, իսկ դեկտեմբերին՝ Թեհրանում ՀՀ դեսպանությունը։
Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ անկախությունից ի վեր Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին։
Եվ այսպես, անկախության այս 30 տարիների ընթացքում ՀՀ-ն Իրանում ունեցել է 6 դեսպան։
Առաջին դեսպանը եղել է Վահան Բայբուրդյանը, ով պաշտոնավարել է 1992-1998թթ.։ Իրանի դեսպանի պաշտոնից հետո նա եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ։
Իրանում հաջորդ ՀՀ դեսպանը եղել է Գեղամ Ղարիբջանյանը. նա աշխատել է 1999-2004թթ.։ Պաշտոնավարման վերջին տարիներին՝ 2001-2004թթ. եղել է նաև Կատարի դեսպանը։ Արդեն հետո՝ 2005թ. նշանակվել է ՀՀ ԱԳ փոխնախարար, 2009թ.՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Տարիներ անց Ղարիբջանյանը նորից վերադարձել է դեսպանի պաշտոնին՝ 2012-2018թթ. պաշտոնավարելով Արաբական Միացյալ Էմիրություններում, նաև՝ Կատարում՝ 2013-2021թթ․։
Իրանում ՀՀ 3-րդ դեսպանը եղել է Կարեն Նազարյանը՝ 2005-2009թթ., որից հետո նա նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ՝ 2009-2014թթ.։ Նազարյանը 2014-2018թթ. եղել է ԱԳ փոխնախարար, որից հետո՝ 2019թ. առ այսօր, Վատիկան քաղաք-պետությունում, Մալթայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։
2009-2015թթ. Իրանում ՀՀ դեսպան է եղել մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Գրիգոր Առաքելյանը, ով դեսպանի պաշտոնից հետո՝ 2015թ. նորից նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական։
Իրանում ՀՀ 5-րդ դեսպանը Արտաշես Թումանյանն է՝ 2015-2021թթ., ով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ այժմ՝ վարչապետի խորհրդականն է։
Առ այսօր Իրանում ՀՀ դեսպանը Արսեն Ավագյանն է, ով նշանակվել է 2021թ., իսկ մինչ այդ նա եղել է ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ։
Ոսկեհատ Պողոսյան