Քաղաքական

ՌԴ-ն խորացնում է ներկայությունը տարածաշրջանում

ՌԴ-ն խորացնում է ներկայությունը տարածաշրջանում

Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապրիլի 19-ին՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ ստորագրած փաստաթղթերը հետաքրքիր զուգահեռներ ունեն։ Թեև Ադրբեջանի հետ ՌԴ-ն ստորագրել է «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր, իսկ ՀՀ վարչապետի հետ ստորագրվածը համատեղ հայտարարություն է, բայց առանցքային խնդիրները, կարծես թե, նույնն են. երկու փաստաթղթերի հիմնական, թիրախային կետերը բավական նման են։

Եվ այսպես, երկու երկրների հետ փաստաթղթերում կարևորված են ինտեգրացիոն գործընթացները: ՌԴ-ն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ստորագրած փաստաթղթերում հատուկ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասում իրավիճակին՝ ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ՝ անվտանգության և կայունության պահպանման առումով։

Ադրբեջանի հետ համաձայնագրում կողմերը պարտավորվել են համագործակցել Կովկասում և Կասպյան ռեգիոնում կայունության և անվտանգության ուղղությամբ. «Կողմերը համագործակցում են արտաքին քաղաքական գործունեության ոլորտում՝ Կովկասյան և Կասպիական տարածաշրջաններում կայունության և անվտանգության ապահովման նպատակով»։

ՀՀ-ի հետ հայտարարության մեջ նշված է, որ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Առանձին դրույթ կա նաև «եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խորացման, Հարավային Կովկասում իրադրության կարգավորման և կայունության բարձրացման» վերաբերյալ:

Առանձնահատուկ տեղ են գրավում սահմանագծման և սահմանազատման հարցերը, որոնք, ինչպես նշված է ՀՀ-ի հետ հայտարարության մեջ, իրականացվելու են ՌԴ խորհրդատվական աջակցությամբ, նաև՝ շեշտադրված է եռակողմ պայմանավորվածությունների կատարման մասին։

ՌԴ-ն երկու երկրների հետ կարևորել է էներգետիկ բնագավառում համագործակցությունը. ՀՀ հետ հայտարարության մեջ նշված է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման մասին. «Կողմերը նպատակադրվածություն հայտնեցին նոր էներգոբլոկների կառուցման շուրջ»: Բացի այդ, ըստ հայտարարության՝ հետաքրքրվածություն է հայտնվել էներգետիկայի զարգացման, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ «հիմնված էներգետիկական անվտանգության և անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա»։

Ռուս-ադրբեջանական համաձայնագրում էլ կարևորված է էներգետիկ անվտանգության հարցը, այդ թվում՝ ատոմային էներգիայի օգտագործման հարցում համագործակցությունը։ Ադրբեջանի հետ համաձայնագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նավթային ոլորտում համագործակցության հարցը. նաև՝ կողմերը պարտավորվել են զերծ մնալ քայլերից, որոնք ուղղակի կամ անուղղակի վնաս կհասցնեն դիմացինի շահերին։

Ադրբեջանի հետ համաձայնագրում ՌԴ-ն կարևորել է միջազգային հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ում, փոխգործակցության և դիրքորոշումների համապատասխանեցման խնդիրը։ Նման դրույթ արձանագրված է նաև ՀՀ-ի հետ հայտարարության մեջ. «Կողմերը կներդնեն անհրաժեշտ ջանքեր՝ ՄԱԿ շրջանակներում և այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով»։

Երկու փաստաթղթերում առանձնահառուկ դեր է վերապահված տեղեկատվական անվտանգության հարցում համագործակցության կարևորությանը։ ՀՀ-ի հետ հայտարարության մեջ նաև շեշտված է. «Հաստատեցին տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, նախևառաջ՝ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակադրությունը»:

Սրանք ստորագրված փաստաթղթերի ամենաառանցքային կետերն են. ակնհայտ է, որ սրանով ՌԴ-ն ըստ, էության, փորձում է ավելի ամրապնդել դիրքերը տարածաշրջանում։ Ու պատահական չէ, որ Ադրբեջանի հետ համաձայնագրում էլ ծավալուն անդրադարձ կա ռազմական փոխգործակցությանը։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական